Hraparak.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումները թեւակոխում են դրամատիկ փուլ։ Մինչ օրս կիրառված բոլոր գործիքակազմերը՝ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ անդամների դեմ, այդ թվում՝ ԱԺ իշխող ֆրակցիայի դիմումը, դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը, ռեպրեսիվ ճնշումները, արդյունք չտվեցին։ Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը վերջնաժամկետ է տվել թիմին՝ 10-15 օրվա ընթացքում ներկայացնել Հրայր Թովմասյանի գահընկեցության նոր՝ «աշխատող» ուղիներ։ Եվ երեկ հերթական անգամ ստատուս գրեց, որ Հրայր Թովմասյանը չպետք է լինի ՍԴ-ում, նախօրեին էլ մի ոչ լրագրողական, միակողմանի ռեպորտաժ էին պատրաստել Հ1-ով՝ Հրայր Թովմասյանի դեմ։

Բանն այն է, որ փետրվարի 27-ին ավարտվում է վաղ կենսաթոշակից օգտվելու օրենքի վերջնաժամկետը, եւ, ամենայն հավանականությամբ, ՍԴ դատավորներից ոչ մեկը չի օգտվելու անաշխատ եկամուտ ունենալու այդ հնարավորությունից։ Եվ սա ցայտնոտի մեջ է գցել իշխանություններին, քանի որ իրավական այլ լուծումներ գործող օրենսդրությամբ պարզապես գոյություն չունեն։

Հենց այդ նպատակով էլ նախօրեին «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է գումարել՝ քննարկելու «վոժդի» հրահանգը եւ ՍԴ անդամներին հեռացնելու նորահայտ քայլը։ Մի քանի ժամ տեւած նիստի ընթացքում իմքայլականները հուսահատ տրամադրություններ են ունեցել, կրկին եզրակացրել են, որ հարցի լուծման իրավական ճանապարհները փակ են, եւ Հրայր Թովմասյանի գրած Սահմանադրությունը փակ շղթա է ստեղծել՝ նույնիսկ սահմանադրական հանրաքվեից առաջ ՍԴ-ն պետք է տա հավանություն՝ նախագիծը ներկայացնե՞լ հանրաքվեի, թե՞ ոչ։ 

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այս օրերին ԵԽԽՎ-ում է, եթե ոմանք վերջին հույսը կապել են նրա հետ, ապա  մեծամասնությունն ընդունել է, որ եթե ճար լիներ, ապա մինչ օրս այն կառաջարկվեր։ Որոշ պատգամավորներ քննարկել են անգամ քաղաքական ելույթներ, Հրայր Թովմասյանի վրա հոգեբանական ներգործություն ունենալու տարբերակներ։ Պատահական չէր Քրիստինե Պողոսյանի երեկվա հայտարարությունը, թե Թովմասյանը պատիվ ունենար, ժամանակին իր հասցեին հնչած արտահայտության համար դատի կտար Արմեն Ռուստամյանին։ Հիստերիան հասել է այն աստիճանի, որ պատգամավորն անգամ հայտարարել է, թե «ՍԴ նախագահը դատական իշխանության ներկայացուցիչ չէ»։

Սակայն երեկոյան հայտնի դարձավ, որ իշխանությունն այս ՍԴ կազմից ազատվելու համար որոշել է օրենսդրության, օրինականության, բարոյականության «հերը» վերջնականապես անիծել՝ հընթացս միջազգային կառույցներին ուղղված մարտահրավեր նետելով։ «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանը շրջանառության մեջ է դրել օրենսդրական մի նախաձեռնություն, որով փոփոխություններ է առաջարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքում։ Փոփոխության բովանդակությունը հետեւյալն է․ առաջարկվում է՝ եթե Սահմանադրական դատարանը հավանություն չի տալիս սահմանադրական փոփոխությունների տեքստին, միեւնույն է՝ այն քվեարկության դրվի ԱԺ-ում, կամ, ինչպես նախագծում է ձեւակերպված՝  «հարցի քննարկումը շարունակվում է, եւ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունել  պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով»։ Նաեւ նախագահի լիազորությունների փոփոխություն է առաջարկում, որ ԱԺ-ի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունները ստորագրի ԱԺ նախագահը: Այս առաջարկի նպատակն էլ այն է, որ փոփոխությունների նախագիծն ընդհանրապես չհասնի ՍԴ։ Որոշ սահմանադրագետներ եւ իրավաբաններ մեզ հետ մասնավոր զրույցում ասացին, որ սա ամբողջությամբ հակասահմանադրական, հակաիրավական նախագիծ է, եւ Վենետիկի հանձնաժողովն աներկբա կմերժի այն։ Իսկ մինչ այդ ուշ երեկոյան տեղեկացանք, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 6-ին արտահերթ նիստ է հրավիրել, եւ օրակարգում հենց մեծն օրենսդիր Վահագն Հովակիմյանի առաջարկած նախագիծն է, որը կքննարկվի արագացված կարգով՝ ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ ընթերցմամբ։

Ամփոփելով՝ արձանագրենք․ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փորձ է արվում փոխել Սահմանադրությունը՝ առանց այդ փոփոխությունները համապետական հանրաքվեի դնելու։ Այսինքն՝ ԱԺ 88 պատգամավորները պետք է որոշեն, թե ինչպիսի Սահմանադրություն ունենա Հայաստանը։ Երբ այդ իրավունքը տրվի, նրանք արագությամբ կլուծարեն գործող ՍԴ-ն եւ առհասարակ՝ այլեւս ինչ ուզենան․ կարող են անել մեր երկրում՝ առանց իրենց իշխանության բերած ժողովրդի մասնակցության եւ ի հակառակ այդ ժողովրդի կամքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել