Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել «Սարիբեկյանը և Բալյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործով, ըստ որի` Ադրբեջանի կառավարությունը պարտավորվում է հայ ընտանիքին 60,000 եվրո վճարել:

Մամիկոն Սարիբեկյանը և Սիրանուշ Բալյանը 2011-ի հունիսի 10-ին դիմել են ՄԻԵԴ՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով:

Հայցվորները դատարանին հայտնել են, որ իրենց 20-ամյա որդին 2010 թվականին խոշտանգվել և սպանվել է Ադրբեջանում` կալանավայրում գտնվելով: Ըստ նրանց դիմումի՝ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում ծնված Մանվել Սարիբեկյանը 2010-ի սեպտեմբերի 11-ին անտառ է գնացել փայտ հավաքելու և, մառախուղի ժամանակ մոլորվելով սահմանամերձ տարածքում, հայտնվել է Ադրբեջանի կողմում:

Ադրբեջանական կողմը վերջինիս ձերբակալել է՝ մեղադրելով նրան լրտեսության մեջ: 2010-ի հոկտեմբերի 4-ին Մանվել Սարիբեկյանին կախված են գտել իր բանտախցում:

Տղայի ծնողները 120,000 եվրո են պահանջել որպես փոխհատուցում՝ իրենց և իրենց որդուն պատճառած բարոյական վնասի դիմաց: Դատարանը վճռել է, որ խախտվել է Մանվել Սարիբեկյանի կյանքի իրավունքը և որոշել է բավարարել պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին երկու հայցվորին համատեղ 60,000 եվրո վճարել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել