«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թեեւ Կորոնավիրուսը, ըստ պաշտոնական տեղեկությունների, Հայաստան չի ներթափանցել, արդեն հասցրել է անհանգստացնել ՀՀ քաղաքացիներին: Այս օրերին մեր հայրենակիցները սկսել են զգուշանալ չինական ծագում ունեցող ամեն ինչից, անգամ չինական ռեստորաններ չեն գնում:

Քաղաքացիների դժգոհությունների հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը շրջեց Երեւանում գործող մի քանի չինական ռեստորաններում: Թեեւ աշխատակիցները մեզ հետ զրույցում պնդեցին, որ որեւէ խնդիր չկա, այնուամենայնիվ, թերթը արձանագրեց, որ հիմնականում ռեստորանները դատարկ էին:

ՀՀ քաղաքացիների մյուս անհանգստությունը կապված է չինական տեխնիկայի հետ: Զրուցեցինք «ՎԻ ԷԼ ՎԻ» ցանցի ներկայացուցչի հետ, ով ասաց, որ սառնարանի հետ չի կարող վարակը ներթափանցել: Նույնպիսի վստահությամբ պատասխանեցին նաեւ փոխադրող «Գլոբբինգ» ընկերությունից: Հայաստանցիների գերակշիռ մասը ծանրոցներ ստանում է Չինաստանից «Գլոբբինգ»-ի միջոցով:

Բայց այս իրավիճակում մտահոգիչ է մեկ այլ իրողություն: Հայաստանում նոր Կորոնավիրուսի բացահայտման լաբորատոր թեստեր չկան: Այսինքն՝ եթե անձը բարձր ջերմությամբ մոտենա հիվանդանոց, ապա բուժհաստատությունում չեն կարողանա ախտորոշել՝ նա Կորոնավիրուսով վարակված է, թե ոչ:

Բայց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի կարծիքով՝ այս պահին Հայաստանում դեռեւս թեստերի անհրաժեշտություն չի եղել, ու, ըստ էության, պարզ էլ չէ՝ երբ հնարավոր կլինի ունենալ դրանք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել