Pastinfo.am-ը գրում է․

Իշխանությունը «Ազգային ժողովի կանոնակարգ» եւ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխությունների փաթեթով մտադիր է ԱԺ կանոնակարգ օրենքում չեզոքացնել ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջը։
Նախագծի հեղինակը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն է։

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ իրականացնել ԱԺ կանոնակարգ օրենքի 5-րդ (Ազգային ժողովի նախագահը ), 86-րդ (Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման և ընդունման կարգը ) եւ 141-րդ (Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը ) հոդվածներում։

Որպես հիմնավորում նշվում է, որ Սահմանադրության 15-րդ գլխում (Սահմանադրության ընդունումը, փոփոխությունը եւ հանրաքվեն) չկա ՍԴ դիմելու միջոցով Սահմանադրության փոփոխությունների նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտադիր պահանջ: Ըստ նախագծի հեղինակի, Սահմանադրության 168-րդ հոդվածը (Սահմանադրական դատարանի լիազորությունները), որի 2-րդ կետը սահմանում է, որ մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաեւ հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը , ՍԴ-ն որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը, ավելացվել է 2015 թվականի փոփոխություններով:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում սահմանադրագետ Գոհար Մելոյանն անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին, ասաց, որ այս փոփոխությամբ Սահմանադրական դատարանի եզրակացության անհրաժեշտությունն այլեւս չլինի սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, ինչից բխում է , որ իշխանությունը, ըստ ամենայնի, մտադիր է Սահմանադրության կոնկրետ հոդված փոխել , որը փոփոխության ենթակա չէ եւ դրանով ՍԴ-ի հարցը լուծել։

«Ակնհայտ է, որ գործող իշխանությունը փորձում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու եղանակով շրջանցել սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ ՍԴ-ի եզրակացությունը ստանալու պարտադիր պահանջը։ Բացի այս, իմ ենթադրությամբ, իրենք փորձ են կատարելու Սահմանադրության՝ փոփոխության ոչ ենթակա որոշակի դրույթները փոփոխության ենթարկել եւ այդպիսով լուծել ՍԴ-ի շուրջ իրենց իսկ ստեղծած արհեստական թնջուկին»,-ասաց Գոհար Մելոյանը ։

Սահմանադրագետի գնահատմամբ, իշխանությունը այս նախագծով գնում է հակասահմանադրական կարգավորումների ուղղությամբ ։ «Օրենքը միակողմանի, ըստ ցանկության մեկնաբանման առարկա չէ, իրավունքի մեկնաբանման տեսության մեջ կան հստակ կանոններ, որոնցով նախագծեր մշակելիս պարտավոր են առաջնորդվել», -շեշտում է Գոհար Մելոյանը։

Սահմանադրագետն ասաց՝ նախատեսվող սխեմայի վերաբերյալ առաջիկայում հանդես կգա համապատասխան մասնագիտական վերլուծությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել