Pastinfo.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժն ակնհայտորեն անմեղության կանխավարկածի խախտում է՝ պետական մակարդակով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Կոնցեռն-Դիալոգ» իրավաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը։ 

Նշենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում եթեր է հեռարձակվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ միայն նախաքննական նյութերի վրա հիմնված, միակողմանի ռեպորտաժ։ Ավելի ուշ ռեպորտաժը ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գրելով, որ Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ։

Ասատրյանն ընդգծեց, որ իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում կա և գործադիր իշխանությունն ուղղակի հարձակում է գործել դատական իշխանության վրա։ «Ցավալին այն է, որ սովորաբար բնակչությանն, այսպես ասած հպարտ քաղաքացիներին, ներկայացնում են, որ եթե օրենսդիրն իշխանությանն է, ուրեմն բոլորը դրա տակ պետք է լինեն։ Դա, իհարկե, կարծում եմ, նախկին իշխանությունների մեղքն էլ է, որ այդպես էլ չկարողացան իրավական պետության սկզբունքներն իրազեկել հասարակությանը, սակայն հպարտ քաղաքացիներն, առավել ևս, իշխանությունների տարանջատումը չեն զանազանում իրարից»,-ասաց Ս.Ասատրյանը։

Նրա խոսքով, այս կերպ իրավական պետության հիմքերը խարխլվում են և այսպես շարունակվելու դեպքում իրավական պետությունից ոչինչ չի մնա։ «Ցանկացած գիտակից քաղաքացի, առավել ևս իրավաբան, շատ մտահոգված է այս հարցով, մի կողմ թողնենք այն անձերին կամ անձանց իրավունքները, բայց այստեղ պետության հիմքերն են խարխլվում»,-նշեց Ասատրյանը։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործի վերաբերյալ տեսանյութը սոցցանցում տարածելուն՝ գրասենյակի տնօրենն ասաց, որ այս կերպ Փաշինյանն ազդում է դատական համակարգի գործունեության վրա։ «Այստեղ խնդիրը միայն անմեղության կանխավարկածի կոպիտ խախտումը չէ։ Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում դա գրելով անձամբ խախտում է ոչ միայն անմեղության կանխավարկածը, այլև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 99-րդ հոդվածը, որտեղ հստակ սահմանված է, որ դատավորների վերաբերյալ քրեական հետապնդման առկայության դեպքում, նախաքննական մարմինը, այսպես ասած պետությունը, պետք է ավելի զգույշ լինի»,-ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ եթե վերցնենք ընդհանուր կանոնը, ըստ որի նախաքննական մարմինն իրավունք չունի հրապարակելու նախաքննական նյութեր, ապա այստեղ դատավորների հետ կապված սահմանել են, որ առավել զգույշ պետք է լինեն, որովհետև խոսքը դատավորների հեղինակության մասին է։

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, և շատ հավանական է, որ գործով կարող է լինել արդարացման դատավճիռ, այդ ընթացքում մարդու հեղինակությունը չպետք է խաթարվի․ «Այս իշխանությունների կողմից կոպիտ ձևով խախտվում է նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքը»։

Ս.Ասատրյանի կարծիքով՝ այս իրավիճակում իրավապահներն օրենքի տառին համապատասխան իրենց գործը պետք է անեն, և ոչ թե այնպես շարժվեն, ինչպես իրենց կհրահանգեն։ «Իրավապահ մարմինների համար միշտ գերական պետք է լինի օրենսդրությունը, պիտի առաջնորդվեն օրենքով»,- ասաց Ասատրյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել