«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի երեկվա նիստից, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Մեր տեղեկություններով՝ երեկվա նիստն անցել է բավականին հանգիստ մթնոլորտում: Տեղեկացանք, որ աշխատանքները տեւել են երեքուկես ժամ, որի ժամանակ հիմնականում խոսել է Սեյրան Օհանյանը:

Թերթի տեղեկություններով՝ Օհանյանը շատ համբերատար պատասխանել է քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին, սակայն մինչ այդ առանձնազրույց է ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ վերջինիս աշխատասենյակում:

Թերթին ԱԺ-ում կայացած դռնփակ նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, Օհանյանը հայտարարել է՝ այս հանձնաժողովի ստեղծումն ինքը հենց սկզբից էլ չի ողջունել, քանի որ ՊՆ-ի ներսում ուսումնասիրություններ իրականացվել են տարիներ առաջ, ու պարզվել են բոլոր հանգամանքները, ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառներն ու հետեւանքները՝ համապատասխան հետեւություններ անելով:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սկսել է իրենց հարցաշարը ներկայացնել Օհանյանին ու նշել, որ պետք է այդ հարցաշարի միջոցով հասկանան, թե ինչ է իրականում տեղի ունեցել ապրիլյան քառօրա պատերազմի օրերին:

Ըստ մեր տեղեկությունների՝ Սեյրան Օհանյանը շատ մանրամասն ներկայացրել է այն ամենը, ինչի մասին ինքը տեղյակ է եղել, եւ կարելի է ասել՝ հանձնաժողովականների ունեցած տվյալներն ու Օհանյանի ներկայացրածն իրարից ոչ մի բանով չեն տարբերվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել