168.am-ը գրում է․

Նոր կորոնավիրուսով (2019-nCoV) պայմանավորված իրավիճակի, կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումների և դրանց համակարգման թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը  հայտնել են, որ  նոր կորոնավիրուսներով (2019-nCoV) պայմանավորված համաճարակային իրավիճակը Չինաստանում շարունակում է լարված մնալ: ԱՀԿ հրապարակած վերջին տվյալներով` Չինաստանում արձանագրվել է 4537 հաստատված դեպք` 106 մահվան ելքով: Իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` արձանագրվել է շուրջ 5997 հաստատված դեպք` 132-ը մահվան ելքով: Դեպքեր են գրանցվել նաև 15 այլ երկրում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ քննարկման արդյունքում հունվարի 26-ից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև՝ չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ տարածք:

Արտաքին գործերի նախարարության և ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ մշակվել է հուշաթերթ, որտեղ ՀՀ քաղաքացիներին առաջարկվում է առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպելուց:

ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացվել է հսկողությունը, հատկապես՝ Չինաստանից ժամանող ուղևորների նկատմամբ։

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից էլ հայտնում են, որ  ՀՀ սահմանային կետերում բարձր զգոնությամբ հետևում է երկիր մուտք գործող բոլոր անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությանը։ Մինչև ՀՀ տարածք մտնելը մարդիկ անցնում են  հատուկ սարքավորումների մոտով, որոնք հայտնաբերում են վատառողջ անձանց: Իսկ Չինաստանից ժամանած մեր հյուրերը ՀՀ տարածքում գտնվելու ամբողջ ընթացքում գտնվում են վերահսկողության տակ:

Այս պահի դրությամբ կորոնավիրուսներով վարակված ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։

«Էկոնոմ տուրի» տնօրեն Դավիթ Տասչյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ միայն 300-400 ուղևոր իրենց ընկերության միջոցով է գնացել Չինաստան, իսկ ընդհանուր առմամբ այդ երկրում մոտ 1500 հայ կա: Նրանցից ոչ մեկի մոտ վիրուսը չի հայտնաբերվել:

«Չինաստանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ 6045 դեպք է գրանցվել, 9239 դեպք սպասվում է, 132 հոգի մահացել է, 110 հոգի բուժվել է: Այս պահի դրությամբ Չինաստանում մոտ 1500 հայ կա, 150-200-ի վերադարձը սպասվում է մինչև փետրվարի 4-ը: Միայն 300-400 ուղևոր մեր միջոցով է գնացել Չինաստան, ամբողջ օրը նրանց հետ կապի մեջ եմ: Մարդիկ նախատեսվածից շուտ են փորձում հետ վերադառնալ: Մարդիկ կան, որոնց անձնագրերն անձնագրային բաժանմունքներում են, և այս պահին չեն կարող երկիրը լքել: Հիմա սպասում ենք իրենց կրթության նախարարության հայտարարությանը, որպեսզի հասկանանք, թե դպրոցներում, համալսարաններում արձակուրդը մինչև երբ է հետաձգվում: Եթե պարզվի, որ մինչև մարտի 1-2-ը հետաձգվում է, 1100-ը հաստատ վերադառնալու են Հայաստան: Անիմաստ չեն նստի տանը, քանի որ աշխատավարձ չեն ստանալու»,- նշեց Դավիթ Տասչյանը:

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Հայաստանում բժիշկները հսկողության տակ են պահում երկու չինացու. նրանցից մեկն ունի 37 աստիճան ջերմություն, մյուսը ջերմություն չունի: Թեև հետազոտության արդյունքում 37 աստիճան ջերմություն ունեցող չինացու մոտ թոքաբորբ չի հայտնաբերվել, սակայն նրանք դեռ կշարունակեն մնալ հսկողության տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել