Pastinfo.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանը որպես ինստիտուտ 2015թ-ի սահմանադրական փոփոխություններից հետո լիարժեք չի գործում, որովհետև ՍԴ-ում այսօր գործում են երկու տարբեր ռեժիմներ՝ դատավորների-անդամների համար։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Այն անցումային դրույթները, որոնք պետք է սահուն կերպով նախորդ Սահմանադրությունից անցում կատարեին ներկա սահմանադրության, թերի են։ Թե որն է դրա պատճառը, անմեղության կանխավարկածը չխախտելով, բնավ չմտնելով այն դաշտ, թե դա դիտավորությամբ է արվել, թերացում է, բացթողում է թե ինչ է, պարզապես ուզում եմ, որ բոլորս արձանագրենք, որ այն անցումային դրույթները, որոնք պետք է ապահովեին լիարժեք նախկին ռեժիմից անցումը ներկա ռեժիմին՝ այս պահին արված չէ»,-ասաց Մակունցը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ ավելացրեց, որ Հրայր Թովմասյանի բոլոր հայտարարությունները տեղավորվում են քաղաքական ընդդիմախոսի հայտարարությունների կոնտեքստի մեջ, սակայն Թովմասյանը պետք է քաղաքականապես չեզոք լինի ու քաղաքական լեքսիկոնին հարիր ձևակերպումներ չանի։

«Ամբողջ խնդիրն այն է, որ ՍԴ նախագահը հանդես է գալիս քաղաքական ընդդիմախոսի դիրքերից, ինչով ինքն իրեն իր պաշտոնին անհամատեղելի է դարձնում»,-ասաց Հովակիմյանը։

Մակունցն էլ ավելացրեց, որ երեկվա հարցազրույցում Հրայր Թովմասյանն աշխատում էր հնարավորինս զերծ մնալ քաղաքական հայտարարություններ հնչեցնելուց, չնայած ամբողջությամբ դա չհաջողվեց։

«Երբ ՍԴ նախագահի պարտականություններ կատարողը խոսում է Արցախի հիմնախնդրից, սա ինչ է, եթե ոչ քաղաքական խոսք։ Երբ մեկնաբանություններ է արվում քաղաքականությանն առնչվող հարցերին, ապա դա արդեն քաղաքական խոսք է»,-ասաց Մակունցը։
Խմբակցության ղեկավարը շեշտեց, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված խնդիրը միանշանակ հանգուցալուծվելու է. «Այս ընթացքում փորձել ենք հնարավոր տարբերակներով, և նաև ՍԴ դատավոր-անդամներին ներգրավելով, լուծել ստեղծված իրավիճակը։ Միանշանակ կլինեն էլի քայլեր, որոնք կբերեն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել