«Փաստ» թերթը գրում է․ «Վերջին օրերին ներքաղաքական դաշտում յուրահատուկ զարգացումներ են տեղի ունենում։ Նախ՝ Կապան քաղաքում տեղի ունեցավ վարչապետի ասուլիսը, որի ժամանակ հնչած մտքերի զարգացման տրամաբանական արդյունքն էլ այն եղավ, որ հանրային քննարկումների մակարդակը հերթական անգամ իջեցվեց շատ ցածր աստիճանի։ 

Գաղտնիք չէ, որ ներկայումս Հայաստանի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին, որոնց դիմագրավելու համար անհրաժեշտ է թերևս մեկտեղել հանրության ջանքերը և դրանց հանգուցալուծմանը հասնելու համար ստանալ հասարակության աջակցությունը։ 

Ներկայիս իշխանությունները շատ են խոսում դրական փոփոխությունների կամ տնտեսական հեղափոխության մասին, սակայն այդ փոփոխություններն իրականություն դարձնելու համար պետք է ձևավորել համապատասխան օրակարգ, որը հնարավորություն կտա բարձրացնել հասարակության իմունիտետը, քաղաքացիների մոտ դրական սպասումներ առաջացնել և մոտիվացնել։ 

Այնուամենայնիվ, սրա փոխարեն այսօր հանրային ուշադրությունը սևեռվում է այնպիսի խնդիրների վրա, որոնք ոչ միայն երկրորդական, այլ նույնիսկ երրորդական և չորրորդական նշանակություն չունեն։ 

Ավելին, դրանք «փաստարկվում» են այնպիսի անլրջությամբ, որ ցավալիորեն դառնում են համատարած հեգնանքի ու ծաղրի առարկա: Այդպես եղավ վարչապետին նվիրված գրիչի թեման, որը համացանցում և սոցցանցերում դարձավ մի կողմից ծաղր, իսկ մյուս կողմից՝ վիրավորանքների և փոխադարձ մեղադրանքների առարկա։ 

Հարցերի այսպիսի պարզունակ քննարկումը ջանքերի անտեղի վատնում է։ Սակայն երբ դրանց շուրջ օրակարգ է ձևավորվում,  արդեն դժվար է անցնել լուրջ թեմաների ու շուրջ քննարկումների։ 

Պետք է հաշվի առնել, որ նման անլուրջ դիսկուրսների պատճառով անլրջանում է նաև վերաբերմունքը ՀՀ ողջ իշխանության նկատմամբ։ 

Պատահական չէ, որ գրիչի շուրջ ծավալված քննարկումներին զուգահեռ՝ վարչապետը փորձեց թեման այլ ուղղությամբ տանել՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով 2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի վերաբերյալ ցուցանիշներ, սակայն դրանք որևէ փոփոխություն չմտցրեցին ստեղծված իրավիճակում։ 

Եվ այստեղ է, որ հարց է առաջանում՝ ինչպե՞ս պետք է քաղաքացիները իրենց հարցերի լուծման համար ակնկալիքներ ունենան մի իշխանությունից, որի ուշադրության առարկան միայն սեփական անձնական կամ քաղաքական շահերն են, որոնք էլ հանգեցնում են նման ցածր մակարդակի դիսկուրսի ծավալման։ 

Եվ բնական է, որ այսպիսի իրավիճակները չեն կարող սև հետք չթողնել իշխանությունների վարկանիշի վրա։ Ուստի զարմանալի չէ, որ հընթացս գտնվում են քավության նոխազներ, որոնք զոհաբերվում են հանուն մեկ անձի իշխանության և վարկանիշի: 

Զուգահեռաբար, տրորվում են հնարավոր ու անհնար «կարմիր գծերը»՝ առարկայական դարձնելով «սարոյան եղբայրների» սինդրոմը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել