Ամերիկյան Delta ավիաընկերության աշխատակիցները նվաստացրել են մահմեդական ուղևորներին, ինչի արդյունքում ավիափոխադրողը տուգանք է վճարել կրոնական խտրականության համար, հաղորդում է Independent-ը:

ԱՄՆ քաղաքացիներ Նազիա և Ֆեյսալ Ալիները Փարիզից Ցինցինատի էին վերադառնում ամուսնության տասներորդ տարեդարձի կապակցությամբ ճամփորդությունից հետո, երբ նրանց խնդրել էին դուրս գալ ինքնաթիռից՝ մեկ այլ ուղևորի բողոքի պատճառով: Նա բորտուղեկցորդին ասել էր, որ զույգի պահվածքն անհարմարություն է առաջացնում իր համար, բայց չէր հիմնավորել դրա պատճառը:

Բորտուղեկցորդուհին նույնպես նշել էր, որ անցնելով Ալիների կողքով նկատել էր նամակագրություն, որում մի քանի անգամ նշվել էր «Ալլահ» բառը: Զույգին դուրս էին բերել ինքնաթիռից և ուղարկել լրացուցիչ հարցաքննության, որից հետո նրանց թույլատրվել էր վերադառնալ ինքնաթիռ, սակայն կապիտանը հրաժարվել էր նրանց օդանավ թողնել:

Ալիների փաստաբանը նշել է, որ նրանք հիասթափված են իրենց նկատմամբ դրսևորված նման վերաբերմունքից: Նրանք անհանգստացած են, որ նման իրավիճակում կարող են հայտնվել նաև այլ մահմեդականներ:

Տրանսպորտի նախարարությունը որոշում է կայացրել, որ Delta-ի անձնակազմը խտրականություն է դրսևորել ուղևորների նկատմամբ: Ավիաընկերությանը պարտավորեցրել են 50 հազար դոլար տուգանք վճարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել