168.am-ը գրում է․

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրվա խորհրդին համահունչ, ֆեյսբուքյան իր էջում Կապանի ասուլիսում արդեն հրապարակած 100 փաստերից առանձնացրել էր բանակին վերաբերողները: Այդ թվում՝ նաև նշել էր. «Զինթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար ընդհանուր առմամբ 2018, 2019 թվականներին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ: Ծրագրի իրականացումը ընթացքի մեջ է»:

Դեռևս անցած տարի փետրվարին, երբ հանրային քննարկման դրվեց 2007 թվականի թիվ 384 որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծը, որով պետք է փոխվեր ներկա և նախկին զինծառայողներին բնակարաններ տրամադրելու կարգը, բողոքի մեծ ալիք բարձրացավ: Պատճառն այն էր, որ ըստ նախկին որոշման՝ պահեստազորի սպաները պետությունից պետք է ստանային անհատույց բնակարաններ, փոփոխված տարբերակում բնակարան ձեռք բերելու համար սպաներին տրամադրվում է Երևանում բնակարանների շուկայական միջին գնի 50 տոկոսը, մարզերում՝ 90 տոկոսը:

Պահեստազորի սպա Կարեն Հակոբյանը, որ 20 տարուց ավելի ծառայել է զինված ուժերում և ցուցարարների շարքերում էր առաջին օրերից, 168.am-ի հետ զրույցում պնդեց, որ իր տվյալներով՝ 2019-ի մայիսի 10-ից մինչև օրս լուծվել է 100-120 սպայի բնակարանային խնդիր:

«Մնացածն էլ «տոռմուզ տված» գնում է, նիստեր չեն իրականացնում: Շատերը անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստել, ներկայացրել են, մարդիկ քմահաճույքով են գնում առաջ, վարչապետն էլ մեծ-մեծ խոսում ա, որ գործը շարունակական է ու առաջ է գնում, «իտոգում»՝ ոչ մի բան էլ առաջ չի գնում»,- ասաց պահեստազորի սպան:

Կարեն Հակոբյանի խոսքով՝ իրենց ժամանակավոր լռությունը պայմանավորված է նրանով, որ սպասում են, տեսնեն՝ մարզերում ապրող իրենց ծառայակիցները կարողանո՞ւմ են բնակարան գնել, թե՞ ոչ: Վստահեցնում է՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում խնդիրներ լինելու են:

«Երևանի համար տրամադրվող 50 տոկոսի պարագայում միանշանակ չի բավարարում, բայց դեռ չեն էլ անդրադարձել Երևանին, մարզերի 90-100 տոկոսի դեպքում ինձ ասացին, որ 25 հոգի ձեռք է բերել բնակարան: Տեղեկություն ունենք, որ մարդիկ կան, որ ունեին բնակարաններ, բայց հերթի մեջ էին, դրան ոչ ոք չի անդրադառնում, Աստված իրենց հետ, ինչ արել, լավ են արել: Մեր հավաքին կհրավիրենք նաև նրանց, ովքեր ստացել են հավաստագրեր, ու կճշտենք, տեսնենք՝ կարողանո՞ւմ են գնել բնակարան, թե՞ չեն կարողանում, խոսքը նրանց մասին է, ովքեր իրոք խնդիր ունեն ու հավելյալ գումար չունեն բնակարան գնելու համար»,- ասաց սպան:

Այժմ բնակարան ստանալու համար հերթագրված է մոտ 4000 մարդ, որոնցից ավելի քան 1000-ը զինթոշակառու է: Պահեստազորի սպան մտավախություն ունի, որ պետության տրամադրած 8 մլրդ-ը չի բավարարելու, քանի որ շատերի ծառայության ժամկետն այս ընթացքում լրանում է, և նրանք նույնպես անցնում են թոշակի: Ըստ Կառավարության որոշման՝ բնակարանների ձեռքբերման առաջնահերթությունը տրվել է նախ՝ սահմանամերձ բնակավայրերի, ապա՝ մյուս մարզերի, վերջում նոր՝ Երևանի սպաներին: Կարեն Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ տրամաբանությամբ է սահմանվել այս կարգը.

«Մայիսի 10-ի որոշումից հետո շատ զինծառայողներ զորացրվել են ու ընդգրկվել են ծրագրի մեջ, ու արդեն մարդիկ կան, որ ստացել են հավաստագրեր: Եթե, օրինակ, ինքը Սյունիքից է կամ Տավուշից, Կառավարության դրած հերթականությամբ իրենք առաջնահերթության տակ են ընկնում: ՊՆ-ի ու վարչապետի լոգիկան է: 90 տոկոսի փոխհատուցման հետ կապված՝ ասեմ, որ փոխհատուցվում է մարզի համայնքների բնակարանների շուկայական միջին գնի 90 տոկոսը, օրինակ՝ Սյունիքի մարզում քանի՞ քաղաք կա, այդ քաղաքների միջինը: Կարող է գյուղ լինի, որ, օրինակ, 4 մլն հատկացնեն, ինքը կարողանա էդ բնակարանը գնել, բայց գյուղ կարող է լինել, որտեղ չկարողանա գնել: 50 տոկոսի տրամաբանությունն էլ այն է, որ ով կուզենա՝ թող վերցնի, մնացածինն էլ, կտեսնենք՝ հարցը ո՞նց ենք լուծում: Ասացինք՝ չհամաձայնողների հարցի լուծման համար ժամկետ գրեք որոշման մեջ, չներառեցին էդ կետը»:

Թե քանի՞ սենյականոց բնակարան է տրամադրվելու սպային, որոշվում է՝ ըստ նրա ընտանիքի անդամների քանակի: Իսկ ինչպե՞ս է կարգավորվում սենյակների խնդիրը, եթե սպայի ընտանիքը համալրվել է սպասելու ընթացքում:

«Մեր միակ ձեռքբերումը դա է եղել, որ որոշման մեջ ներառել են: Ըստ նախկին որոշման՝ զինծառայողի հետ ապրող երեխաներին ընդգրկում էին այդ հաշվարկի մեջ այն դեպքում, եթե երեխան 18 տարեկան է ու չի սովորում, եթե սովորում է, ապա մինչև 23 տարեկան: Հիմա, եթե երեխան ապրում է քեզ հետ՝ անկախ տարիքից, ինքը ընդգրկվելու է բնակարանի սենյակների քանակի հաշվարկի մեջ, եթե ընտանիքում երեխա է ծնվել, նրա համար ևս ավելացնում են սենյակ»:

Վարչապետի հրապարակած մյուս փաստը հիպոթեքով բնակարանների մասին էր. «Կառավարության կողմից ընդունվել է որոշում, որով սպայական և ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել 2020 թ. հունվարի 1-ից արտոնյալ հիպոթեքային վարկեր ստանալ: Սպաներին հիպոթեքով բնակարան առաջարկելը մեր զրուցակիցն անընդունելի է համարում:

Ավելի քան 50 հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ ՊՆ-ի` սեփականության իրավունքով հայցվորներին պետական բյուջեից բնակարան հատկացնելու կամ համարժեք ֆինանսական միջոցներ տրամադրելու պահանջով: Որոշում կայացվել է միայն մեկով՝ ի օգուտ սպայի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել