Pastinfo.am-ը գրում է.

«Խաշած հավի համար էլ պարզ է, թե սա ինչ քրեական գործ է, ինչի համար է հարուցվել, ինչ հրահանգով ու ինչ նպատակներով։ Ես ուղղակի զարմացած եմ, որ երկրի բարձրաստիճան դեմքերը՝ վարչապետի կամ ԱԺ փոխխոսնակի մակարդակով , անգամ չեն խորշում այդ մասին ուղիղ հայտարարել, չեն փորձում որեւէ կերպ թաքցնել այդ քրեական գործի ուղիղ քաղաքական հետապնդում լինելը եւ պատվիրված լինելը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով ՍԴ վերաբերյալ նախ վարչապետի Նիկոլ Փաշինյանի, ապա նաեւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արած հայտարարություններն։ 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը կապանյան ասուլիսին հայտարարել էր, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով եւ որ ՍԴ նախագահի պաշտոնն «օկուպացվել է» ։ Վարչապետը ասուլիսին հաջորդած ուղիղ եթերում վերահաստատեց , որ տեղյակ է եղել ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումներից ։ Իսկ դրանից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը «Ազատության» եթերից հայտարարեց, թե «գործը դատարանում է» եւ «փաստացի քննություն է գնում առ այն, որ ինքը կեղծիքով է ընտրվել և կեղծել են տարեթիվ», այնինչ գործը, որի մասին խոսում են իշխանության ներկայացուցիչները, ոչ միայն չի մտել դատարան, այլեւ այդ գործով մեղադրական եզրակացությունը դատախազությունը չի հաստատել եւ այն կրկին ուղարկվել է ՀՔԾ՝ նոր քննություն անցկացնելու պահանջով:

Հիշեցնենք, որ խոսքը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ հարուցված քրեական գործի մասին է, որին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական կեղծիքի(Քր.օր. 314-րդ հոդված) ապա նաեւ ՍԴ լիազորություններին տիրանալու օժանդակելու (Քր.օր. 38-300-րդ հոդվածի 1-ին մաս) հոդվածներով ։ ՀՔԾ պետը հայտարարել է, որ դատախազությունը համակարծիք չէ քննիչի տված իրավական որակման հետ։

Փաստաբանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ երբ ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ԱԺ դիմումը, անմիջապես մեկ օր անց՝ 2019թ.-ի հոկտեմբերի 15 –ին հարուցվեց այս քրեական գործը։
«Առաջին իսկ օրից ակնհայտ էր, որ օրինակ, Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքը հեքիաթների ժանրից է։ Ինչ-որ մեկի այդ մտասեւեռումը, թե չգիտես ինչու, պետք է ԱԺ կանոնակարգի այս խմբագրությունը չգործեր, այն խմբագրությունը գործեր, ինչը իրականության հետ ոչ մի կապ չունի, էլ ուր մնաց ինչ-որ կեղծիքներ, դավադրության տեսություններ...»,-ասաց փաստաբանը՝ շեշտելով, որ վարչապետի ու ԱԺ փոխնախագահի վերջին օրերի հայտարարություններով արդեն ամեն բան իր տեղն ընկավ, որովհետեւ ակնհայտ դարձավ, որ սա պատվիրված քրեական գործ է։

«Ակնհայտ է, որ այս գործը ՍԴ-ի դեմ հյուսվող դավադրությունների շղթայի մի օղակն է ընդամենը եւ Աստված մի արասցե, այս քրեական գործը այս նույն պատվերների շրջանակում արժանանա նաեւ որեւէ մեղադրական դատական ակտի՝ էլի պատվիրված։ ՀՀ-ն ՝ի դեմս կառավարության, լուրջ խնդիրներ է ունենալու ՄԻԵԴ-ում։ Մենք անգամ ապացուցելու բան չունենք, ծաղկաքաղ ենք անելու իրենց ելույթներից, ուղարկենք՝ առանց հավելյալ հիմնավորումների»։

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, Երվանդ Վարոսյանն ասաց. «Քանի որ մինչեւ այդ գրիչի խայտառակ պատմությունն էր տեղի ունեցել, այդ անձը, ում մասին Դուք ասում եք, այդ առումով նաեւ նյարդայնացած էր ու այդ նյարդային իրավիճակից էր, որ ինքը պատմեց իրականությունը, որ իրենք այդ գործը կազմակերպել են, ինչի համար ։ Ինքը չկարողացավ փորձել դա թաքցնել, ինքը ուղիղ տեքստով ասաց»։

Փաստաբանը համոզված է, որ այդ հայտարարություններին կհետեւի քննչական մարմիններին հրահանգը։ Ըստ Վարոսյանի, հավանաբար, ՀՔԾ-ում սպասում էին վարչապետի ասուլիսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել