168.am-ը գրում է․

Չինաստանի կառավարությունն ընթացիկ տարում բյուջեից 60,33 մլրդ յուան (8,75 մլրդ դոլար) կհատկացնի նոր տիպի թոքաբորբի դեմ պայքարելու համար: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել է ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը։

«Այս միջոցները կձեռնարկվեն նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի ղեկավար աշխատանքային խմբի որոշմանը համապատասխան, այն ծախսերն ապահովելու նպատակով, որոնք անհրաժեշտ են դրա վերացման հիմնարար միջոցառումներն ուժեղացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ, որը հրապարակված է նախարարության պաշտոնական էջում:
Դրանում նշվում է, որ ներկայում գլխավոր խնդիրներից մեկն է՝ թույլ չտալ, որ թոքաբորբը տարածվի գյուղական վայրերում:

Վերջին տվյալների համաձայն՝ ՉԺՀ-ում կորոնավիրուսով հիվանդացածների քանակը գերազանցել է 2,8 հազարը, մահացել է 81 մարդ: Վարակման դեպքերի մեծամասնությունը (1423, 76 մահացած) բաժին է ընկնում Հուբեյի կենտրոնական նահանգին եւ դրա վարչական կենտրոն Ուհանին: Դրանց հաջորդում են Գուանդունի, Հենանի եւ Չժեցզյանի նահանգները: Պեկինում ի հայտ է բերվել 68 ախտահարված, Ռուսաստանին սահմանակից Հեյլունցզյանի նահանգում, ըստ նորացված վիճակագրության, արդեն մահացել է 21 մարդ:

Նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Չինաստանի նախադպրոցական հիմնարկություններում, միջնակարգ դպրոցներում եւ բուհերում ուսումնական գործընթացի վերսկսումը հետաձգվել է անորոշ ժամանակով: Պաշտոնապես լուսնային օրացույցով Նոր տարվա հանգստյան օրերն ավարտվում են փետրվարի 2-ին:

Ինչպես հունվարի 27-ին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, երկրի կառավարությունը 300 մլն յուան (43,5 մլն դոլար) է հատկացրել Ուհան քաղաքում եւ նրա հարակից Հուբեյի կենտրոնական նահանգում նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Նրա տվյալներով՝ կենտրոնական ֆինանսական բյուջեից արտակարգ դրամական օգնության տրամադրմանն արդեն հավանություն է տվել Զարգացման եւ բարեփոխումների պետական կոմիտեն: Միջոցները կուղղորդվեն թոքաբորբով ախտահարվածների համար երկու հիվանդանոցի կառուցմանը, ինչպես նաեւ հատուկ բժշկական սարքավորումների գնմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել