168.am-ը գրում է.

«Ադեկվադ» կուսակցության անդամ Լիլիթ Թումանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Կապանում հունվարի 25-ին տեղի ունեցած վարչապետի ասուլիսին՝ նշեց, որ սովորաբար, երբ խոսում է երկրի ղեկավարը, ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին դաշտում ակնկալում են որոշակի մեսիջներ, որոնք կարտացոլեն ապագա քաղաքականությունը։

«Արտաքին քաղաքական դաշտում վարչապետի ասուլիսի ժամանակ ունեցանք որոշակի ակնարկներ հայ-ռուսական հարաբերությունների մասին, լսեցինք որոշակի մեղադրանքներ եվրոպական երկրների ուղղությամբ, տեսանք որոշակի դրվագներ՝ Արցախի հարցի լուծման հետ կապված, և հասկացանք, որ այս ողջ ասուլիսը կազմակերպված էր զուտ նրա համար, որպեսզի տեղեկատվական դաշտը լցնեն մի քանի քարոզչական թեզով, որոնք նոր չեն և կրկնվում են»,- փոխանցեց Լ. Թումանյանը։

Ըստ նրա՝ Նոր Հայաստանի մասին վարչապետի հրապարակած 100 փաստերը միտված էին նրան, որպեսզի քաղաքացին հավատա, որ իր կյանքը բարելավվել է, քանի որ այսօր հասարակությունը կառավարվում է ոչ թե ռացիոնալ փաստերի միջոցով, այլ էմոցիոնալ՝ հավատքի սկզբունքով։ Ուստի այդ համատեքստում անհրաժեշտ էր ասուլիսին ինչ-որ մեսիջներ ուղղել ոչ միայն բնակչությանը, այլև քաղաքական հակառակորդներին։

«Հետաքրքիրն այն է, որ այդ քաղաքական հակառակորդների մեջ վարչապետը գրանցել է նաև լրատվամիջոցներին, և այստեղ բացահայտ դիմակայություն է գնում հենց ԶԼՄ ներկայացուցիչների հետ։ Լրագրողների նկատմամբ նրա պահվածքը  վարչապետի պահվածք չէր, այլ «Հայկական ժամանակի» երբեմնի խմբագրի, ով իրեն դիտարկում է հավասարը հավասարի ցանկացած լրագրողի հետ և իրեն թույլ է տալիս բաց դիմադրության մեջ մտնել որևէ լրագրողի հետ»,- շեշտեց Լ. Թումանյանը։

Անդրադառնալով վարչապետի դիտարկմանը, որ լրագրողներին Կառավարությունը չի տարել Կապան, քանի որ վերջիններս անընդհատ իրենց մեղադրում են պետական բյուջեն վատնելու համար, քաղաքագետը ընդգծեց.

«Լրագրողների հետ շփումներում Նիկոլ Փաշինյանից մի ակնկալեք վարչապետին հարիր պահվածք, վարվելակերպ և հարցադրումներ։ Նա լրագրողների հետ վարվում է  այնպես, ինչպես կվարվեր շարքային լրագրողը, որը պատահաբար հայտնվել է իշխանության գլխին, այսինքն՝ նա երկիրը շարունակում է  ղեկավարել իր խմբագրության տեսանկյունից։ «Հայկական ժամանակ» թերթի խմբագրությունում նա ինչպես վարվել է իր լրագրողների հետ, նույնպես շարունակում է մյուս լրագրողների հետ։ Նա առերևույթ մեղադրանքներ է շպրտում լրագրողների հասցեին՝ նշելով, թե խոսում են պետական բյուջեի մասին, ուրեմն եկեք ինքներդ խնայեք։ Լրագրողները կարող էին և չհասնեին ասուլիսին, վարչապետը կարող էր միացնել իր լայվի կոճակը և միայնակ մտնել եթեր։ Վաղը-մյուս օրը կարող է այնպես ստացվել, որ որևէ լրագրող չգնա ասուլիսի, կմնան 4-5 իշխանական ԶԼՄ-ներ։ Եթե լրագրողները չեն կարողանում ստանալ իրենց հարցերի պատասխանները, այլ ծառայում են՝ որպես մասովկա, ապա ի՞նչ իմաստ ունի գնալ ու պատասխանների փոխարեն՝ ստանալ վիրավորանք»,- եզրափակեց Լիլիթ Թումանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել