Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում բացվել է «Միացյալ նահանգների Զինված ուժերը 1919-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունում» խորագրով լուսանկարների ցուցադրություն:

Ամերիկայի հայկական համագումարի նախաձեռնությամբ բացված ցուցահանդեսում ներկայացված է 1919-1920թթ. Միացյալ նահանգների ցուցաբերած մարդասիրական աջակցությունը Հայաստանի առաջին Հանրապետությանը։

Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Ամերիկայի հայկական համագումարի և ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ։

Ներկաներին ողջունել և ցուցահանդեսի բացման առթիվ շնորհավորել է ՀՀ պաշտպանության նախարարը։ Դավիթ Տոնոյանն ընդգծել է այս նախաձեռնության կարևորությունը, շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին՝ ցուցաբերած օժանդակության և հաստատած բարեկամական հարաբերությունների համար. «Շատերի համար ԱՄՆ ցուցաբերած օգնությունն այդ տարիներին ճակատագրական եղավ։ Հատկապես ուսանելու համար նոր հնարավորություններ ստեղծվեցին, ինչի շնորհիվ մեր հայրենակիցներից շատերն այդ դժվարին ժամանակահատվածում կարողացան կրթություն ստանալ և տպավորիչ ձեռքբերումների հասնել»։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։ Լին Թրեյսին շնորհավորել է ներկաներին Հայկական բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ, խոսել վերջին 100 տարիներին կատարված աշխատանքի և դրա կարևորության մասին, ընդգծելով, որ Հայաստանը ոչ միայն աջակցություն ստացող երկիր է, այլև աջակցող՝ մասնավորապես, մասնակցելով աշխարհի խաղաղության ապահովման գործին, խաղաղապահ առաքելություն իրականացնելով մի շարք երկրներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել