Աղմուկն ականջներում ինքնին հիվանդություն չէ, սակայն այն կարող է վկայել առողջության հետ կապված բավականին լուրջ խնդիրների մասին: Որպես կանոն, նման վիճակն առաջանում է հանկարծակի, լռության մեջ, հաճախակի՝ քնելուց առաջ: Սակայն նման ախտանշանի հայտնվելն արդեն իսկ խոսում է վտանգի մասին, և հարկավոր է դիմել բժշկի: Իսկ եթե աղմուկը ականջներում 1 օրից ավել է և ուղեկցվում է գլխապտույտով, սրտխառնոցով, փսխումով, շարժումների կոորդինացիայի խանգարմամբ, երերուն քայլվածքով, ուժեղ գլխացավով և սրտի շրջանում սուր ցավերով, ապա խորհուրդ չի տրվում հետաձգել բժշկի մոտ այցելությունը:
Ինչի՞ մասին է զգուշացնում ականջներում առկա աղմուկը․

Զարկերակային ճնշման բարձրացում

Ականջներում զնգոցի հայտնվելու հիմնական պատճառներից մեկը զարկերակային ճնշման բարձրացումն է: Հարկավոր է ճնշումը չափել և անհրաժեշտության դեպքում դիմել սրտաբանի:
Եթե ականջներում աղմուկի հայտնվելն ուղեկցվում է գլխացավով, աչքերի առջև պատկերների թրթռոցով ու սրտի շրջանում ցավերով, ապա դա կարող է վկայել հիպերտոնիկ ճգնաժամի ու անգամ ինսուլտի մասին:

Գլխուղեղի անոթների աթերոսկլերոզ

Ականջներում աղմուկի ու զրնգոցի կարող է հանգեցնել նաև աթերոսկլերոզը: Խնդիրն այն է, որ աթերոսկլերոզի դեպքում անոթները կորցնում են իրենց առաձգականությունն ու չեն կարողանում ռիթմով բաբախել արյան հոսքի ժամանակ: Դա հանգեցնում է նրան, որ անոթներում արյան հոսքը դառնում է «աղմկոտ» և յուրաքանչյուր պուլսացիայի դեպքում առաջանում է աղմուկի զգացողություն: Աղմուկը կարող է նաև պայմանավորված լինել ականջոսկրին հպվող մկանային ջղաձգումներով կամ անոթներում պուլսի բաբախմամբ, որը կապված է միջին ու ներքին ականջի հետ: Դա կարող է նկատվել բարձր ջերմության, միջին ականջի բորբոքման կամ ուժեղ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում: Որպեսզի կարողանաք համոզվել ախտորոշման ճշմարտացիության մեջ, հարկավոր է հետազոտվել նյարդաբանի մոտ:

Օտիտ (ականջաբորբ)

Այս բորբոքային հիվանդության դեպքում աղմուկը (զնգոցը, խշշոցն ու բզզոցը) ականջում ուղեկցվում են ականջի արտաքին անցուղու կարմրությամբ ու քորով, ինչպես նաև հպվելու դեպքում ցավային զգացողությամբ, լսողության սրության նվազմամբ ու ականջից թարախային արտադրության հոսքով: Օտիտը հաճախակի առաջանում է ականջների մեջ ջուր լցվելուց հետո (օրինակ՝ լողալու ժամանակ), լսողության անցուղու վնասման (օրինակ՝ լուցկու հատիկներով կամ ատամի փայտիկներով մաքրելու դեպքում), ինչպես նաև շնչառական ինֆեկցաներից հետո բարդացումների հետևանքով:

Միգրեն

Միգրենի հիմնական ախտանշաններից են պուլսային ինտենսիվ գլխացավը, որը սովորաբար ընդգրկում է գլխի մի հատվածը: Այն, որպես կանոն, ուղեկցվում է ականջներում զնգոցով:

Օտոսկլերոզ

Միջին ականջը ներքինի հետ կապող ոսկրային հյուսվածքի ներաճ, որի առաջացման պատճառը հայտնի չէ: Սա քրոնիկ հիվանդություն է, որը, որպես կանոն, սկսվում է 1 ականջում և հետագայում տարածվում է մյուսին: Առաջանում է այն հիմնականում դեռահասության, երբեմն էլ նաև փոքր տարիքում: Կանանց մոտ այդ հիվանդությունն ավելի շատ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ: Արտահայտվում է ծանր լսողությամբ ու ականջներում աղմուկով, հաճախակի հանգեցնում է լսողության զգալի նվազման, երբեմն էլ՝ խլության:

Ցրված սկլերոզ

Եթե ականջներում աղմուկն ուղեկցվում է նաև գլխապտույտով, վերջույթներում շարժունակության խանգարմամբ (պարալիչ), «սարսուռի» զգացողությամբ, միզապահպանման հետ կապված խնդիրներով և այլն, ապա դա կարող է վկայել բավականին լուրջ հիվանդության, մասնավորապես՝ նյարդային համակարգի հիվանդությունների մասին:
Վերջինիս դրսևորումները շատ տարբեր են լինում, այդ պատճառով հստակ ախտորոշումը կարող է տալ միայն բժիշկը:

Լսողական նյարդի նյարդաուռուցք

Այս խնդրին բնորոշ է լսողության սրության աստիճանաբար նվազման (ընդհուպ մինչև խլություն) հետ զուգահեռ նաև ականջներում աղմուկի կամ զնգոցի առաջացումը, ինչպես նաև գլխապտույտը:

Այս հիվանդությունը բավականին երկար կարող է ընթանալ առանց ախտանշանների, մինչև որ սկսում են սեղմել ականջի շուրջ առկա հյուսվածքներն, ու այդ ամենը ի վերջո հանգեցնում է լսողության կորստի, շարժումների կոորդինացիայի խանգարման, ծակծկոցների զգացողության առաջացման, դեմքի մաշկին սարսուռի առաջացման և այլն: Նշված ախտանշանների հայտնվելու դեպքում հարկավոր է հնարավորիս շուտ դիմել օտոլարինգոլոգի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել