Pastinfo.am-ը գրում է.

«Երբ նա նման կոչ է անում եւ գիտի, որ այդ կոչին հետեւողներ չեն լինելու, իմաստը որն է: Դրանով նա մաշում է այն կապիտալը, որը դեռ ունի եւ սխալ է օգտագործում այդ կապիտալը»,-«Փաստինֆո»-ի զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թվիթերյան վերջին գրառմանը, որտեղ նա նշում է, որ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով իշխող կուսակցությունը պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը:

Ըստ քաղտեխնոլոգի ԱԱԾ նախկին տնօրենը, թվիթերյան գրառումների փոխարեն պետք է այլ քայլեր ձեռնարկի: «Եթե որոշ գործողություններ իրականացներ, հետո նման մի բան գրեր, հասկանալի կլիներ, բայց երբ նա հրապարակային ոչինչ չի անում եւ ընդամենը միկրոբլոգում 2-3 օրը մեկ ինչ –որ բաներ է գրում ստացվում է, որ գրում է, որ իրեն չմոռանան, գուցե ինքը այլ իմաստով է գրում, բայց հասարակության մոտ դիտվում է այդ կտրվածքով»,-նշում է Արմեն Բադալյանը:

Հիշեցնենք, Թվիթերի իր միկրոբլոգում Արթուր Վանեցյանը գրել էր. «Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»:

Քաղտեխնոլոգը իրատեսական է համարում վարչապետի փոփոխության հնարավորությունը, սակայն կրկնում է՝ դրա համար անհրաժեշտ են որոշ գործողություններ, որոնք այս պահին չենք տեսնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել