Hraparak.am-ը գրում է.
Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Ռուբիկ Ղազարյանը, որը Հրայր Թովմասյանի կնոջ քրոջ ամուսինն է, եւ ում պատկանում է հայտնի նոտարական գրասենյակը, հարցաքննվել է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հայկ Քոչինյանը։
Վերջինս նշեց, որ հարցաքննվել է վկայի կարգավիճակով․ «Հարցաքննության ընթացքում վկան իրեն հայտնի ամբողջ տեղեկատվությունը տրամադրել է վարույթն իրականացնող մարմնին»։
Հարցին՝ թե փաստաթղթային ապացույցներ ներկայացվե՞լ է, պատասխանեց․ «Դա արդեն քրեական գործի մանրամասներին է վերաբերում, ես ձեռնպահ կմնամ պատասխանելուց»։
Նա դժվարացավ պատասխանել, թե արդյոք Ռուբիկ Ղազարյանը գնացե՞լ է ՀՀ-ից, թե՞ ոչ։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք է առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։