Հաճախ, երբ խոսում ենք մեր օրերի մասին, հիշում ենք 21-րդ դարի թերություններն ու մատնանշում, թե ինչքան բան է փոխվել դեպի բացասականը, որքան են մարդիկ դարձել հաշվենկատ և այլն։ Բայց արի ու տես, որ պատմությունն ավելի մեծ հաշվենկատությամբ լի ժամանակներ էլ է ունեցել։ Այսպես՝ 18-19-րդ դարում տղամարդիկ հաճախ վաճառքի էին հանում սեփական կանանց։ Ինչո՞ւ էին նրանք այդպես վարվում։ 

18-19-րդ դարերում հատկապես Անգլիայում և Շոտլանդիայում ընդունված կարգ էր վաճառել սեփական կանանց։ Խնդիրն այն էր, որ կանայք այդ ժամանակներում ունեին բավականին ստորադասված իրավունքներ, ու նրանց հետ այդպես վարվելը հասարակության կողմից բացարձակապես չէր դատապարտվում։ Ավելին՝ այդ ժամանակաշրջանում կնոջից բաժանվելը բավականին դժվար էր, իսկ նրան վաճառելով՝ տղամարդը կարողանում էր և՛ բաժանվել կնոջից, և՛, որպես հաճելի արդյունք, եկամուտ ապահովել։

Ամեն բան ավելի սարսափելի էր դառնում, երբ ամուսինը որոշում էր վաճառել կնոջն ու երեխաներին միասին, քանի որ հասկանում էր, որ այլևս չի կարող հանդուրժել ոչ միայն կնոջը, այլ նաև սեփական երեխաներին։ Սակայն ամեն բան ավելի քիչ սարսափելի է դառնում, եթե պատմությունը սկսենք ավելի լավ ուսումնասիրել։ 

18-19-րդ դարերում բաժանման գործընթացի բարդացման պատճառով հաճախ ամուսինները պետք է գտնեին այլ ճանապարհներ իրարից ազատվելու համար։ Այս ճանապարհները փնտրում էին ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք։ Երկար մտածելուց հետո նրանք հասկացան, որ երկուստեք ամենահարմար ճանապարհը կնոջը վաճառելն է։ Մարդուն վաճառելու մշակույթն ամենատարածվածներից էր այդ ժամանակներում, ուստի ինչո՞ւ չվաճառել սեփական կնոջը։ 

Փողոցներում շրջող մարդիկ հաճախ կարող էին հանդիպել որևէ տղամարդու, ով իր կիսամերկ կնոջը հանում էր շուկա ու գոռում, որ վաճառում է իր կնոջը, նախնական գինը՝ մեկ պարկ ցորեն կամ, ասենք, 2 առողջ ձի։ Սա նշանակում էր, որ ամուսիններն իրենք համաձայնության են եկել, որ ուզում են իրարից բաժանվել։ Հաճախ կանայք իրենք էին խնդրում ամուսիններին վաճառել իրենց։ 

Ստացվում էր այնպես, որ ամուսինը միանգամից կնոջը վաճառում էր նրա սիրեկանին։ Մի անգամ, պատմում են, ամուսինը տուն է գնում ու գտնում կնոջն՝ իր սիրեկանի հետ անկողնում պառկած։ Նա փորձում է սկանդալ բարձրացնել, բայց կնոջ սիրեկանն առաջարկում է գնել կնոջը բավական թանկ գնով, և ամուսինը համաձայնվում է։ 

Լինում էին, սակայն, նաև ողբերգական դեպքեր։ Մի անգամ հարբեցող ամուսինը վաճառում է իր սիրելի կնոջը ոչ սթափ վիճակում։ Երբ նա ուշքի է գալիս, կինն արդեն վաճառված է լինում ու լրիվ այլ տղամարդու կողքին է ապրում։ Երբ ամուսինը մեղայականով փորձում է վերադարձնել իր կնոջը, կինը նրան չի ներում՝ նշելով, որ ամուսինը ոտնահարել է իր սերը։ Ասում են՝ խեղճ տղամարդն արդյունքում ինքնասպան է լինում։ 

Պատմաբանները վստահեցնում են, որ որքան էլ այս երևույթը սարսափելի կամ վայրի թվա, առանց կնոջ համաձայնության շատ քիչ էր լինում, որ նրան վաճառեին։ Քիչ չէին դեպքերը, երբ ամենաբարձր գին վճարած տղամարդուն կինը մերժում էր՝ ամուսնու ականջին շշնջալով, որ հաղթողը հեչ իր սրտով չէ։ Արդյունքում տղամարդը շարունակում էր իր աճուրդը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել