168.am-ը գրում է․

Կար ժամանակ, երբ կառավարությունը հպարտանում էր, թե իշխանափոխությունից հետո հաջողվել է նվազեցնել պետական պարտքը։ Այլ հարց է, թե դա ինչի արդյունքում էր, բայց այդ ժամանակը այլևս անցյալում է։

Պետական պարտքը վերսկսել է ավելանալ։ Եվ ոչ պակաս մեծ տեմպերով, ինչ տեմպերով ավելանում էր նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանն անխտիր դեմ էր քվեարկում Ազգային ժողովում ներկայացվող բոլոր վարկային համաձայնագրերին։ Այն ժամանակ նա ընդդիմություն էր և համարում էր, որ վարկերը չարիք են մեր երկրի ու ժողովրդի համար։ Հիմա արդեն կառավարության ղեկավար է և համարում է, որ վարկերը ոչ միայն չարիք չեն, այլև անհրաժեշտություն են։

Ֆինանսների նախարարությունն ամփոփել է Հայաստանի պետական պարտքի ցուցանիշները։ Դրանք հիմք են տալիս ասելու, որ անցած տարի կառավարությունն ակտիվ վարկային միջոցներ է ներգրավել, չնայած դրա կարիքը կարծես չկար։ Արդյունքում՝ երկրի պետական պարտքը ավելացել է ևս 402 մլն դոլարով։ Հիմա արդեն այն անցնում է 7 մլրդ դոլարից։

Շատ ավելի մեծ է եղել կառավարության պարտքի աճը։ Մեկ տարում կառավարության պարտավորություններն ավելացել են 463 մլն դոլարով։ Դեռ լավ է, որ Կենտրոնական բանկն ակտիվ չի եղել վարկային միջոցների ներգրավման առումով։ Այլապես պետական պարտքի աճը ավելի մեծ կլիներ։

Անցած տարի Կենտրոնական բանկը նոր պարտք չի կուտակել։ Ավելին, մի բան էլ մաշեցրել է նախկին պարտավորությունները։ Եթե տարվա սկզբին ԿԲ-ն ուներ 550 մլն դոլարի պարտքի բեռ, ապա արդեն տարեվերջին իջեցրել է մինչև 489 մլն դոլարի։ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է 61 միլիոնով դոլարով։

Պետք է ենթադրել, որ դրա վրա դրական ազդեցություն է թողել արտաքին պահուստների համալրումը։ Ինչպես հայտնի է, անցած տարի, մի շարք գործոններով պայմանավորված՝ ԿԲ-ն բավական ակտիվ տարադրամային միջոցներ գնեց ներքին շուկայից և ուղղեց պահուստների ավելացմանը։ Դրա շնորհիվ պահուստները հասան բավական բարձր մակարդակի։ Անցած տարվա վերջին դրանք կազմեցին ավելի քան 2,8 մլրդ դոլար։

Առաջին հայացքից՝ արտաքին պահուստները գուցե քիչ կապ ունեն ԿԲ պարտքի հետ։ Բայց տարադրամային այդ միջոցների բարձր դիրքը դրական գործոն է ֆինանսական կայունության ապահովման ակնկալիքով՝ նոր վարկային միջոցների ներգրավումից խուսափելու համար։

Ի տարբերություն Կենտրոնական բանկի, անցած տարի կառավարությունը պարտքի ավելացման ագրեսիվ կուրս էր վերցրել, չնայած պետական բյուջեն լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիք ընդհանրապես չուներ, առավել ևս՝ վարկերի տեսքով։ Կառավարությունը դեռ մի բան էլ չէր հասցնում ծախսել սեփական փողերը, ինչի հետևանքով հսկայական գումարներ տարվա սկզբից քնած էին և մինչև վերջ էլ քնած մնացին Կենտրոնական բանկում։

Ու այդ պայմաններում շատերին տարօրինակ էր թվում նոր պարտքերի ներգրավումը։ Սակայն կառավարությունը գնաց դրան և հատկապես տարեվերջին ներգրավեց բավական մեծ ծավալի նոր վարկային միջոցներ, որոնք իբր ունեին բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակ։ Թեև բյուջեն դեֆիցիտի խնդիր չուներ, բյուջեն մի բան էլ  պրոֆիցիտով էր։

Ամեն դեպքում կառավարությունը վերցրեց այդ վարկերը, մի քանի հարյուր միլիոն դոլարով ավելացրեց պետական պարտքը, չնայած ծախսելու տեղ և ժամանակ այլևս չուներ։ Ու այդ գումարները ևս քնած մնացին Կենտրոնական բանկում։

Թե ինչո՞ւ կառավարությունը գնաց այդ ճանապարհով, կարելի է միայն ենթադրել։ Ըստ ամենայնի, կան մտավախություններ այս տարվա բյուջեի կատարման առումով։ Ու այդ միջոցներով հավանաբար կառավարությունը փորձում էր ապահովագրել իրեն՝ հնարավոր ֆորսմաժորային իրավիճակներից։

Անցած տարի ստանձնած նոր վարկային պարտավորությունների արդյունքում Հայաստանի պետական պարտքը հասել է 7 մլրդ 374 մլն դոլարի։ Դրա հիմնական մասը կառավարության պարտավորություններն են։ Դա պարտքի այն հատվածն է, որը նստած է պետական բյուջեի վրա։

Կառավարության ընդհանուր պարտքը հիմա 6 մլրդ 835 մլն դոլարի սահմանում է։ Անցած տարվա ընթացքում այն ավելացել է 462 միլիոնով։ Մեկ տարում կառավարության պարտավորություններն աճել են 7,2 տոկոսով։ Դա տեղի է ունեցել ինչպես՝ արտաքին, այնպես էլ՝ ներքին պարտքի հաշվին։

Արտաքին պարտքն ավելացել է 314 մլն դոլարով։ Դրսի ֆինանսական կազմակերպություններին և դոնոր երկրներին կառավարությունը պարտավոր է վերադարձնել 5,3 մլրդ դոլար։ Մեկ տարում այդ գումարը աճել է գրեթե 6,3 տոկոսով։

Շատ ավելի ակտիվ է եղել ներքին պարտքի համալրումը։ Անցած տարի կառավարությունը ներքին միջավայրից ներգրավել է 148 մլն դոլար։ Արդյունքում՝ ներքին պարտքը հասել է 1 մլրդ 534 մլն դոլարի։ Նախորդ տարի այն ավելացել է 10,6 տոկոսով։

Սա նշանակում է, որ պարտքի ձևավորման գործում կառավարությունը նախապատվությունը տվել է ներքին միջոցներին։ Թեև, ինչպես հայտնի է, դրանք անհամեմատ ավելի թանկ փողեր են, և դրանց սպասարկումը բավական ծանր է նստում պետական բյուջեի վրա։

Ներքին պարտքի սպասարկման համար կառավարությունը տարեկան վճարում է գրեթե այնքան գումար, որքան վճարում է արտաքին պարտքի դեպքում։ Չնայած արտաքին պարտքը 3,5 անգամ մեծ է ներքինից։ Իհարկե, ներքին պարտքը ունի նաև իր առավելությունները՝ այս դեպքում գումարները մնում են ներքին տնտեսության մեջ։

Պետական պարտքի ոլորտում անցած տարի արձանագրված միտումները ցույց են տալիս, որ կառավարությունը շարունակում է իրականացնել նույն ագրեսիվ պարտքային քաղաքականությունը, ինչի համար ժամանակին մեղադրում էր նախկիներին։ Ճիշտ է, իշխանափոխության առաջին տարում պարտքի աճը դանդաղեց, բայց դա ոչ թե վարկերից հրաժարվելու արդյունք էր, այլ եղած միջոցները ժամանակին ծախսել չկարողանալու հետևանք։ Պատահական չէ, որ բազմաթիվ վարկային ծրագրեր հետ են ընկել իրենց ժամանակացույցերից։

Թեև դա այլևս պատճառ չէ, որպեսզի կառավարությունը հրաժարվի նոր վարկային միջոցներ ներգրավելուց և պետական պարտքը մեծացնելուց։ Այն կավելանա նաև այս տարվա ընթացքում, ինչից հետո միայն կառավարության պարտավորությունները կհատեն 7 մլրդ դոլարի սահմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել