ՌԴ Տյումեն քաղաքում 10-ամյա երեխան վաճառել է իր նկարած նկարները, որպեսզի օգնի մայրիկին հիփոթեքային վարկը մարելու հարցում, որը ներկա պահին կազմում է 3 մլն ռուբլի: 

Երեխայի մայրը` Սվետլանա Զվորիգինան, պատմել է, որ վարկը վերցրել է 2015 թվականին բարձր տոկոսներով, որպեսզի իր երկու որդիներին ապահովի բնակարանով: Այս ժամանակ կինն աշխատում էր և վարկը մարելու հարցում դժվարություններ չուներ, սակայն 2018 թվականին ընկերությունը լուծարվել է, և նա դարձել է գործազուրկ:

Սվետլանան պատմել է, որ հենց այդ ժամանակ են խնդիրներն ի հայտ եկել: Նա ամուսնալուծված է դեռևս 2009 թվականից, և երեխաների հայրը նույնիսկ ալիմենտները չի վճարում:

«Սկսկեցի վաճառել այն ամենը, ինչ տանը կար: Տղաս նկատեց, որ ինչ-որ բան այն չէ, և որոշեց օգնել ինձ: Նա լուսանկարեց տարիներ առաջ իր նկարած գեղանկարներն ու դրանք վաճառելու հայտարարություն տվեց: Յուրաքանչյուր նկարի համար որդիս խնդրում էր 1000 ռուբլի»,- նշել է Սվետլանան:

Արդյունքում հաջողվել է վաճառել 10 գեղանկար, որոնց վրա դեռևս երեք տարի առաջ աշխատել էին երկու երեխաները մայրիկի օգնությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել