«Եթե այդպիսի երևույթ կա, մտահոգում է, չի կարող չմտահոգել»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում լրագրողների հանդիպմանը Tert.am-ի այն հարցին ի պատասխան, թե վարչապետին չի՞ մտահոգում արդյոք այն փաստը, որ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը ստանում է բարձր աշխատավարձ, օգտվում է ծառայողական մեքենայից, բայց չի ներկայանում աշխատանքի:

«Ես առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած, այդպիսի բան և կհետաքրքրվեմ մանրամասն»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ու գլխավոր դատախազությունը դարձան նոր Հայաստանի դատախազություն, վարչապետն արձագանքեց.

«ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք 2017 թ. ընտրություններում ընտրակաշառք են վերցրել, և՛ քվեարկել են, և՛ 2018 թ. դարձան նոր Հայաստանի քաղաքացի: Բազմաթիվ քաղաքացիներ կային, որ, երբ ես ասում էի՝ Հայաստանում առանց բռնության հնարավոր են քաղաքական փոփոխություններ, մեզ համարում էին իշխանության պրոյեկտ ոչ առանց իշխանական լրատվամիջոցների օգնության: Այդ մարդիկ ինչպե՞ս հարյուր հազարավորներով դարձան նոր Հայաստանի քաղաքացիներ: Այդպես էլ կարող են լինել բազմաթիվ մարդիկ պետական կառավարման համակարգում, կարող են, ես չեմ ասում, որ հիմա կան: Բա ինչո՞ւ չեք հարցնում, որ հայտարարում էի, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է, ո՞ւմ նկատի ունեի, ի՞նչ նկատի ունեի»,- ասաց գործադիրի ղեկավարը՝ հավելելով,- այդ հնարավորությունը սահմանափակված չէ որևէ գերատեսչության աշխատողի կամ չաշխատողի, որևէ քաղաքի, գյուղի բնակչի համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել