Փարիզի բնակիչներն առաջիկա ամռանը կկարողանան տեսնել հրդեհից խիստ տուժած Նոտր-Դամ մայր տաճարի արվեստի հիմնական ստեղծագործությունները եւ կրոնական արժեքները: Այդ մասին France Ble ռադիոկայանին հայտնել է քահանա Ժիլ Դրուենը՝ Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետիի՝ տաճարի վերականգնման հարցերով ներկայացուցիչը։

Ցուցահանդեսը, որի նախապատրաստումն արդեն սկսվել է, կրելու է «Կրկին տեսնել Նոտր-Դամը: Տաճարի գանձերը նրա պատերից դուրս» անվանումը: Ցուցադրանքը կբացվի տաճարի անմիջական մերձակայքում՝ ճակատամասով տաճարի հրապարակ դուրս եկող Hotel-Dieu հիվանդանոցում: Այցելուների մուտքն անվճար է լինելու, բայց միեւնույն ժամանակ նրանք հնարավորություն կունենան դրամ նվիրաբերել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:

Ցուցադրանքում ներկայացվելու է եկեղեցական արվեստի եւ կաթոլիկական կրոնի 150 ցուցանմուշ: Նաեւ այցելուները կկարողանան տեսնել բազմաթիվ քանդակներ եւ կտավներ, որոնք զարդարում էին մայր տաճարը: Դրանք կրակից փրկվել էին հոգեւորականների, տաճարի պահակախմբի, ոստիկանների եւ հրշեջների աշխատանքի շնորհիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել