168.am-ը գրում է․

Պարտադիր սպանդանոցային մորթի մասին վարչապետի վերջնագիրն անասնապահներին չի գոհացրել: Կառավարության որոշմամբ՝ ամբողջ Հայաստանում հունվարի 15-ից անասունները պետք է մորթվեին սպանդանոցներում, բակերում կարող էին մորթել միայն մատաղի համար նախատեսված կենդանիներին: Որոշումը, որն ուժի մեջ պետք է մտած լիներ դեռ 2018-ի ամռանը, խստացվեց անցյալ տարեվերջին, հունվարի 14-15-ին դժգոհության մեծ ալիք բարձրացավ, անգամ փակվեցին դեպի մարզեր տանող ճանապարհները: Կառավարությունը տեղի տվեց, ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց՝ մինչև հուլիսի 1-ը որոշման «պարտադիր» բաղադրիչը կվերաբերի միայն Երևանին, իսկ այդ ընթացքում մարզերում պետության սուբսիդիայով սպանդանոցներ կկառուցվեն, այսպիսով կլուծվի դրանց ոչ բավարար լինելու հարցը: Անասնապահների մյուս հարցերը լուծումներ չգտան:

168.am-ը ֆերմեր Փայլակ Սարգսյանից հետաքրքրվեց, թե արդյոք իրենց սպանդանոց կառուցելու առաջարկ եղե՞լ է:

«Հա, առաջարկ են արել Ռուսաստանից, որ ստեղ ինչ ունեմ-չունեմ՝ ծախեմ, գնամ, Հայաստանից ոչ մի արձագանք, ոչ մի բան չեղավ: Մարզպետարան էինք գնացել, սպանդանոցների վերաբերյալ էին խոսում, որ սննդի կետերում պարտադիր պետք է սպանդանոցային միս լինի: Խոզ ունեի մորթելու, ասում ա՝ 5000 դրամ պետք է մուծեք, ներքին օրգաններն ու գլուխը մնում են մեզ, խոզը տալիս ենք ձեզ: Այսինքն՝ բա էլ սպանդանոցի շնորհքը ո՞րն ա, խոզը տա ինձ, բա թոքն ու ջիգյարը խի՞ եմ տալիս իրան, գլուխը խի՞ եմ տալիս իրան, եթե 5000 էլ մուծում եմ, վերջում էլ ես պիտի տանեմ անասունը: Սուտ ինֆորմացիա են փոխանցում վարչապետին, ինքն էլ արտահայտում է էն, ինչ իր տեղակալներն են ասում: Ոչ մեկն էլ իրեն ճիշտ ինֆորմացիա չի տալիս»,- ասաց ֆերմերը:

Այն հանգամանքը, որ Երևանից դուրս, բակերում մորթված անասուններին հնարավոր կլինի վաճառել, որևէ խնդիր չի լուծում, վստահեցնում է զրուցակիցս: Պնդում է՝ ավելի լավ է՝ վերացնի իր անասուններին:

«Սենց թե նենց, որ ես իմ տան համար միս մորթելու լինեմ, իմ գոմի մեջ կմորթեմ, կգցեմ իմ ավտոն,  կտանեմ, ոչ մեկն էլ չի տենա: Եթե սննդի կետերում պետք ա լինի սպանդանոցային միս, եթե ռեստորաններում ու սիթիներում պետք ա լինի սպանդանոցային միս, սպանդանոցների տերերն էլ ամեն մեկը մի «գազան» ֆերմա ունի, ըստ ձեզ՝ ինքը իր ֆերմայի միսը կթողնի առանց սպառել, իմը կսպառի՞: Պիտի աչք տնկեմ, որ ինչ-որ մեկը մեռնի, շուտ կանգնեմ գլխին, ասեմ ՝ «ես հորթ ունեմ», եկեք իմը մորթեք-տարեք, սպասեմ՝ մեկը ծնունդ, կնունք անի, շուտ գնամ ասեմ՝ «Ես խոզ ունեմ, եկեք իմ խոզը տարեք», ես պիտի դառնամ բոշա, ֆերմերի կարգավիճակից պետք է փոխվենք բոշայի կարգավիճակի: Դրա համար ավելի լավ է՝ վերացնեմ»,- ասաց ֆերմերը:

Փայլակ Սարգսյանը մեզ հետ զրույցում պատմում է, որ ֆերման կառուցելու համար 30 մլն դրամ ներդրում է արել, որից 12 մլն-ը պարտք է վերցրել: Հիմա, ասում է, չի կարողանալու այն մարել, եթե մնա Հայաստանում, բռնել է «խոպանի» ճանապարհը:

«Անասունները վերացնելով՝ ինչքանը կկարողանամ՝ կփակեմ, ինչը չէ, կգնամ Ռուսաստանում ասֆալտ կանեմ, խոպանի կյանքը կընդունենք, մինչև բերենք մեր պարտքերը փակենք, մեր տունը մնա մեզ, մեր երեխեքին, մենք էլ տենանք, եթե կկարողանանք  տեղավորվել ընդեղ ընտանիքով, կտեղավորվենք, էդ ա: Նույն սխեման գծել են մի շարք եզդիներ ու հայեր: Մի անգամ խաբվեցինք, եկանք Հայաստան, երկրորդ անգամ չենք գա, գնացինք՝ էլ չենք գա, թե մինչև հիմա մենք մեր քաղաքացիությունը էշ-էշ պահում էինք,  էս անգամ առաջին իսկ հնարավորությունից կասենք, որ հրաժարվում ենք Հայաստանից էլ, հայերից էլ, մեր պապերի  ու տատերի գերեզմաններն էլ Viber-ով ու WhatsApp-ով կտեսնենք, չենք էլ գա, մեր աշխատած փողերն էլ չենք ուղարկի»:

Ֆերմերը դժգոհում է, որ պետությունը երբեք գյուղացու կողքին չի կանգնել, ասում է՝ 30 տարի հող է մշակել, հիմա էլ ֆերմա է ստեղծել, բայց չի գնահատվում, հարկադրված է լքել երկիրը.

«Վաղը, որ գնամ ծերության թոշակի, ես թոշակ չեմ ստանալու, բայց էն, որ ես մշակել եմ, ինքը կերել ա, սնվել ա, ինքը բարձր թոշակի կգնա, ոչ միայն ինքը, մնացածն էլ: Ես, որ հողի հարկ եմ տվել, ջրի հարկ եմ տվել, բույս եմ մշակել, աճեցրել, աշխատող եմ պահել, աշխատատեղ եմ բացել, գիշեր-ցերեկ դաշտերն եմ մնացել՝ օձ ու գորտի հետ,  ես փող չեմ ունենա, որ իմ թոռանը կոնֆետ առնեմ, ինձ չալիկ առնեմ, ես պետք ա սպասեմ, որ իմ տղեն խոպանից փող ուղարկի»:

Զրույցի վերջում ֆերմերն ասաց, որ իր ֆերման, »Զիլ» մակնիշի ավտոմեքենան, որը երեք ամիս առաջ գնել է ֆերմայի համար, և անասուններին հանել է վաճառքի, հետաքրքրվողներ արդեն կան. «Տեսնեմ՝ ի՞նչ ա, ծախեմ, թողնեմ-գնամ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել