Factor.am-ը գրում է․

Factor.am-ը զրուցել է Արդարադատության նախկին նախարար, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:

-Տիկի՛ն Հովհաննիսյան, այսօր ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացրել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում։ Որքա՞ն է հավանականությունը, որ Հրայր Թովմասյանը ինչ-որ փուլում ազատազրկվի՝ հաշվի առնելով, որ հարուցված քրեական գործը ուղիղ կապ չունի ՍԴ դատավորի լիազորությունների հետ։

-Երբ ասում եք՝ հնարավո՞ր է ազատազրկման գնա, դա կախնատեսելու տեսանկյունից չափազանց անշնորհակալ գործ է, ինչո՞ւ, որովհետև պրոցեսները ամենևին իրավական հունով չեն ընթանում։ Բոլորովին այլ բան է, երբ գործ ունես ակնհայտ քաղաքական հետապնդման պատվերի առկության հետ։ Հրայր Թովմասյանը՝ որպես Սահմանադրական դատարանի անդամ, նշանակվել է նախորդ Սահմանադրությամբ, որը նախատեսում էր բացարձակ անձեռնմխելիություն, որը նշանակում է՝ անկախ նրանից, թե քրեական գործը վերաբերում է Սահմանադրական դատարանի լիազորություններին, թե չի վերաբերում, միևնույնն է, քրեական գործ հարուցելիս և հետագա ընթացակարգերի ժամանակ պիտի պահպանվեն Սահմանադրությամբ և դատարանի մասին նախատեսված երաշխիքները։

Այսօր խուզարկության ժամանակ չգիտես ինչու՝ դատարանի որոշումը չէին տրամադրում։ Իրականում փոքրիկ բան չէ, բայց գիտե՞ք ինչու չէին տրամադրում, ենթադրենք՝ Հրայր Թովմասյանին մեղսագրվող արարքը կապ չունի ՍԴ լիազորությունների հետ, հիմա եկել են խուզարկում են, այն ունի տրամաբանություն։ Վարույթն իրականացնող մարմինը ինչ-որ մի բան պիտի փնտրի, ես չեմ դուք եք, էս ճնշումների ժամանակաշրջանում ի՞նչ էին փնտրում բնակարանում, ուզում եմ հասկանալ։

-Միգուցե ինչ-որ փաստաթղթեր էին փնտրում քննիչները։

-Բանն այն է, որ այդ գործողության տրամաբանությունը չի ենթադրում խուզարկություն՝ այն էլ այդքան ժամանակ հետո, եթե ինչ-որ բան էլ լիներ, ակնհայտ է չէ՞, որ այնտեղ չէր լինի այլևս, որովհետև այնպիսի խայտառակ ճնշումներ, ինչպիսիք Հրայր Թովմասյանի նկատմամբ են կիրառվում, եթե մի բան էլ լիներ էլ, չէր լինի։

-Հրայր Թովմասյանն այսօր փաստացի կոչ է արել նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ այս պրոցեսների մասին չլռել․ «Սպայի պատիվը թույլ չի տա, որ ամբողջի մասին նա լռի»։ Սա մեկնաբանվեց իբրև օգնության կանչ Արթուր Վանեցյանին։ Ճի՞շտ է գործը նման ուղղությամբ տանելը։

-Եթե Հրայր Թովմասյանն այդ կոչը աներ մինչ այն պահը, երբ ինքը՝ Արթուր Վանեցյանը ասել էր, որ ա՛յ, ես ասում էի, որ մեր պետությանը սպառնացող վտանգները նաև ՍԴ-ի նկատմամբ տեղի ունեցողը նկատի ուներ, Ձեր կարծիքը կկիսեի, կզարմանայի՝ ինչու է Հրայր Թովմասյանը հանկարծ հիշել ու ասում՝ վա՛յ, Արթուր Վանեցյան, եկեք հասեք ինձ օգնության, ես կզարամանայի, բայց պարոն Վանեցյանը իր գրառմամբ Հրայր Թովմասյանին և մեզ բոլորիս ասում է, որ էն ժամանակ, երբ ասում էի՝ կանգ առեք, նկատի ունեի, որ ապօրինի կարգադրություններ են տրվել։

Արթուր Վանեցյանը մի քանի հարցի պիտի պատասխանի, եթե նույնիսկ էդ հարցերի պատասխաններում ինքը ևս լինի խախտում կատարած անձ, նա պիտի բացատրի՝ ինչո՞ւ ասեց «Կա՛նգ առ», ինչ հրաման է իրեն տրվել, ո՞րն է ինքը կատարել, որը՝ ոչ։ Հիշում ենք հայտնի գաղտնալսումները՝ Ռոբերտ Քոչարյանի դատավորին կալանքը ուզես-չուզես պիտի տաս և այլն։ Եթե անգամ Արթուր Վանեցյանը կատարել է քրեաիրավական արարք՝ պարոն Փաշինյանի և պարոն Սասուն Խաչատրյանի հետ, բայց եթե կասի, ուրեմն՝ ի պատիվ իրեն, ուրեմն՝ պատիվ ունի։

-Հրայր Թովմասյանին առնչվող մյուս գործը ՍԴ դատավորի լիազորությունների յուրացմանն է առնչվում։ Ըստ քննչական մարմնի, Գագիկ Հարությունյանի, Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի միջև համագործակցությամբ արվել է ամեն ինչ, որ Թովմասյանը նախագահի պաշտոնը ստանձնի 2005-ի Սահմանադրությամբ, որպեսզի պաշտոնավարի մինչ թոշակի գնալը, և ոչ՝ 6 տարով։ Ամեն դեպքում ինչո՞ւ արվեց այդ ընտրությունը այդպես արագ։

-Ես կարող եմ խոսել քաղաքական նպատակահարմարության մասին։ Դա քաղաքական որոշում է եղել։ Եթե դա լիներ հակաիրավական որոշում, ես սիրով երկար կմեկնաբանեի այդ հարցը։ Փաստարկները քննարկել են՝ պարոն Թովմասյանի ունակությունները հաշվի առնելով։ Քաղաքական առումով կարելի է  քննադատել, բայց դրա մեջ տեսնել հանցակազմ, հանցավորություն, այդ մարդուն պախարակել, չի կարելի։

-Սահմանադրական դատարանը զրկված է ինքն իր համար նախագահ ընտրելու իրավունքից մինչև 2035։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Թովմասյանի ընտրությամբ փակվեց այդ ճանապարհը դատավորների համար։

-Պետք չէ չափազանցնել։ Հրայր Թովմասյանը հրաշալի ձևակերպել է՝ գործող քաղաքական իշխանությունը խնդիր ունի ազատվել իր անձից։ Անձի մեջ է խնդիրը, ընդամենը ուզում են ազատվել։ Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս դատավորները ցույց են տվել՝ բոլոր այն քրեական գործերով, որոնցով իշխանությունն ունի մտավախություն, դա երկրորդ նախագահի դատավարությանն առնչվող հարցերն են, իրենք կարծիք են հարցրել ՄԻԵԴ-ից և Վենետիկի հանձնաժողովից, և որևէ մեկը չի կարող դա հաշվի չառնել։ Տրամաբանական չի լինի՝ իրենք ասեն մի բան, ՍԴ-ն կայացնի այլ որոշում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել