168.am-ը գրում է․

«Տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում երկար ժամանակ, և ես կարծում եմ, որ մենք դեռ տևական ժամանակ այս պրոցեսի ականատեսը կլինենք, որովհետև սթափվելու միտում իշխանության կողմից այս առումով չի նկատվում, ցավոք սրտի, թե քրեական գործերի քննության ուղղությունների, թե ինչ-որ օրենսդրական անհասկանալի լուծումների մակարդակով: Ակնհայտ է, որ գործ ունենք իշխանության լիակատար ուզուրպացման փորձի հետ»,- 168.am «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ պատասխանելով այսօր Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանի խուզարկության իրավաչափության վերաբերյալ հարցին:

Ըստ փաստաբանի՝ ՍԴ-ի հանդեպ անհանդուրժողականությունն այն ժամանակ ի հայտ եկավ, երբ իշխանությունը հասկացավ, որ ՍԴ-ն կարող է իրենց քիմքին ոչ հաճո որոշում կայացնել:

«Ի վերջո, երկար տարիներից հետո, իրադարձությունների զարգացման բերումով, ինչ-որ տեղ՝ նաև պատահական, մենք հիմա ունենք ՍԴ, որը ենթակա չէ քաղաքական իշխանությանը: Միայն այս հանգամանքը բավարար էր, որպեսզի այս հեղափոխության լիդերները համարեին, որ իրենք ինչ-որ բան արել են այս պետության համար, բայց չկա այդ գիտակցությունը»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Ինչ վերաբերում է խուզարկության իրավաչափությանը, նա կարծում է, որ այն մեղադրանքը, որն առաջադրված է Հրայր Թովմասյանին, չի ենթադրում խուզարկություն: Եվ եթե նախաքննական մարմիններն ունեին խուզարկություն իրականացնելու անհրաժեշտություն, դա պետք է վաղուց կատարվեր, որովհետև դա անհետաձգելի քննչական գործողություն է:

«Ամիսներ անց այդ ի՞նչ պիտի հայտնաբերեիք, եթե, իհարկե, հայտնաբերելու բան էլ լիներ: Սա ուղղակի ճնշման հերթական փորձն է»,- ասաց փաստաբանը:

Մեր հարցին, թե այս փորձ կատարելը որքանո՞վ է տրամաբանական, եթե ՍԴ նախագահը տեղի չտվեց անգամ այն ժամանակ, երբ իր դուստրերին տարան ԱԱԾ, Երվանդ Վարոսյանը պատասխանեց, որ տրամաբանություն վաղուց չկա:

«Իշխանությունները, դուստրերին ԱԱԾ հրավիրելով, Հրայր Թովմասյանին դրել են անելանելի վիճակի մեջ. ինքն այլևս չի նահանջի. տեղ չկա»,- նկատեց փաստաբանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է ինքը դեմ Ազգային ժողովի (ԱԺ) կողմից ընդունված քրեական ենթամշակույթ կրողների դեմ պայքարի օրենքին, Երվանդ Վարոսյանն ասաց՝ իսկ ո՞վ գիտի՝ ի՞նչ է քրեական ենթամշակույթը:

«Իրենք չեն պատկերացնում՝ քրեական դաշտն ինչ է: Առանց արարք կատարելու՝ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը ոչ միայն իրավունքից չի բխում, այլ նաև հիմարություն է: Այն որևէ կերպ կրիմինոգեն իրավիճակը Հայաստանում չի նվազեցնելու, այլ ունենալու է հակառակ էֆեկտ: Եթե այսօր երկրի բարձրաստիճան ղեկավարությունը դա չի հասկանում, ու հավատում է այդ օրենքը գրողներին, ինքը վաղը կանգնելու է լուրջ խնդրի առաջ, որովհետև իրենք փորձում են կանոնակարգել մի դաշտ, որից պատկերացում չունեն և չգիտեն՝ ոնց կանոնակարգեն»,- ասաց Երվանդ Վարոսյանը՝ հավելելով, որ քրեական ենթամշակույթ ասվածը չի նշանակում՝ միայն քրեակատարողական հիմնարկներ:

Նա վստահ է, որ մարդուն իր կենսակերպի համար չի կարելի դատել, եթե նա որևէ արարք չի գործում:

«Իսկ արդարադատության նախարարի ելույթներից ու հարցերի պատասխաններից ինձ մոտ տպավորություն ստացվեց, որ, այո, նա փորձում է կանոնակարգել մի բան, որի մասին անգամ հեռու պատկերացում չունի»,- նշեց փաստաբանը:

Վերջինս համոզված է, որ այս օրենքը մահակ է լինելու ինչ-որ մարդկանց դեմ որոշակի ժամանակ կիրառելու համար, երբ այդ մարդիկ քաղաքական կամքը չեն կատարի:

Հարցին, թե քրեակատարողական հիմնարկներում այս օրենքի հետ կապված ընդվզումներ հնարավո՞ր են արդյոք, Երվանդ Վարոսյանը պատասխանեց, որ դա կապված է օրենքի կիրառության հետ, և եթե լինեն օրենքի ընտրովի կամայական կիրառություններ, ապա ընդվզումներ կլինեն, և ոչ միայն՝ ՔԿՀ-ներում:

«Եվ ոչ ոք ոչ ոքի թող ներքին զորքերով չսպառնա, որոնք վաղուց գոյություն չունեն: Երբ դու սպառնալիքով ես խոսում, դա նշանակում է, որ կա վախ, իսկ վախ լինում է այն ժամանակ, երբ դու չգիտես՝ ինչ անել: Երբ դու տիրապետում ես իրավիճակին, ունես լուծումներ, քո մտքով ներքին զորքերը չեն անցնում: Եթե բանը հասնում է դրան, դա նշանակում է՝ դու ինչ-որ բան սխալ ես արել»,- նշեց Երվանդ Վարոսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել