Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում 65-ամյա Հրաչ Եթարյանը իր վարած КамАЗ մակնիշի ՊՆ համարանիշի ավտոմեքենայով թիվ 142 դպրոցի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա, վրաերթի է ենթարկել մի երեխայի։

Երեխան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ նա, գիտակցության չգալով, մահացել է։

Քանի որ վարորդը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարությունում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 4-րդ կայազորային քննչական բաժնի խումբը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ նշված վայրում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ ու վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, և թե բնակիչները, թե դպրոցի աշխատակիցները բազմիցս դիմել են Երևանի քաղաքապետարան, ճանապարհային ոստիկանություն, որպեսզի նշված վայրում տեղադրեն լուսակիր և արհեստական անհարթություն, սակայն ամեն անգամ պատասխանել են, որ այդ հարցը պետք է լուծվի դպրոցի հաշվին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել