Եվրոպայում ամենահինը համարվող Վենետիկի «Ֆլորիան» բար-սրճարանը պատրաստվում է նշել 300-ամյա հոբելյանը: Սուրբ Մարկոսի հրապարակում գտնվող այս հաստատությունը բացվել է 1720 թ.-ի դեկտեմբերի 29-ին՝ դեռ Վենետիկի սրբազան հանրապետության գոյության օրոք:

Սկզբնապես սրճարանը կոչվել է «Հաղթական Վենետիկ»: Սակայն շուտով այն սեփականատիրոջ՝ Ֆլորիանո Ֆրանչեսկոնիի անունով վերանվանել են «Ֆլորիան»: 19-րդ դարի կեսերին սրճարանն զգալիորեն ընդլայնվել և ամբողջովին վերափոխվել է: Այդ ժամանակվանից ի վեր հաստատության ինտերիերը հատուկ փոփոխությունների չի ենթարկվել: «Ֆլորիան»-ի մշտական հաճախորդներն են եղել Ջակոմո Կազանովան, որը ծնվել Է սրճարանի բացվելուց հինգ տարի անց, լորդ Բայրոնը և նրա ընկերը՝ Փերսի Շելլին, ինչպես նաև Չառլզ Դիքենսը և Գյոթեն: 20-րդ դարում նրա սեղանների շուրջը նստել են Էռնեստ Հեմինգուեյը, Չառլի Չապլինը և Էնդի Ուորհոլը: Ինչպես ՏԱՍՍ-ի թղթակցին պատմել են հաստատությունում, հոբելյանի առթիվ հանդիսությունները պլանավորված են սեպտեմբերին և դեկտեմբերի վերջին: Իսկ առայժմ «Ֆլորիան»-ում սպասում են կառնավալին, որը մեկնարկելու է փետրվարի 8-ին: «Մեզ մոտ ավանդաբար հավաքվում են ամենագեղեցիկ ու շքեղ դիմակները: Նստելով մեր սեղանների շուրջը՝ հանրությունը դիտում է կառնավալի գլխավոր գործողությունները»,- նշել են սրճարանում:

Իտալիայի երկրորդ ամենահին սրճարանը գտնվում է Հռոմում: Դա նշանավոր «Կաֆե Գրեկո»-ն է, որը բացվել Է 1760 թ.-ին (Իտալիայի միավորված թագավորության կազմավորումից գրեթե մեկ դար առաջ)՝ հույն վտարանդու կողմից: Նշվում է, որ այդ հաստատություն սիրում էր այցելել Հռոմում մի քանի տարի ապրած Նիկոլայ Գոգոլը (1809-1852 թթ.): Պատմական սրճարաններ են նաև «Կուադրի»-ն, որը բացվել Է 1775 թ.-ին, և «Լևանա»-ն, որը գտնվում է Սուրբ Մարկոսի տաճարի դիմաց. այն բացել են 1750 թ.-ին: Դրանք այսօր էլ աշխատում են: Վենետիկյան սրճարաններն ամենահինն են ներկայում գործողներից: Իսկ առաջին սրճարանները Եվրոպայում սկսել են հայտնվել դեռ 17-րդ դարի վերջին՝ սկզբում Վիեննայում և Փարիզում, իսկ այնուհետև՝ Վենետիկում: Դա կապված է Հին աշխարհում սուրճի հայտնվելու հետ: Համարվում է, որ սուրճը բերել են Օսմանյան կայսրության զինվորները, որոնք 1683 թ.-ին երկու ամիս պաշարել էին Վիեննան: Ենթադրվում է, որ ամենաառաջին սրճարանը Վիեննայում բացվել է 1685 թ.-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել