Tert.am-ը գրում է.

Հունվարի 22-ին խորհրդարանում տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ ամբիոնից հնչած Նիկոլ Փաշինյանի ելույթից պարզ դարձավ, որ Երևանի քաղաքապետարանին նվիրաբերած աղբատարերի հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովին այդպես էլ բախտ չի վիճակվելու խորամուխ լինել Հայկ Մարությանի գործունեության՝ շատերի համար այդպես էլ մութ մնացած խութերի մեջ. Երևանի քաղաքապետարանին դեռ նախորդ տարի արված նվիրատվությունների ուսումնասիրության նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թվի սահմանման վերաբերյալ նախագծի՝ «Իմ քայլի» ցուցաբերած կեցվածքի պատճառով տապալումը վարչապետը փորձել է հիմնավորել Արդարադատության նախարարությունից իր ստացած վերլուծությամբ: Պարզվում է՝ չգիտես ինչպես կամ ինչ հիմքով, Երևանի ավագանու «վերլուծությունը» վերլուծելով՝ նախարարությունում գտել են ու Փաշինյանին զեկուցել, որ «Երևանի ավագանու հիմնավորումները իրավական են»: Ավելի վաղ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել, ուր որոշ օրենսդրական դրույթներ ու կետեր ենթարկելով յուրովի մեկնաբանության՝ անթույլատրելի էր համարել «Ազգային ժողովի կողմից տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության նկատմամբ օրենքով չսահմանված ձևով միջամտելը»՝ գտնելով, որ «նման գործընթացի մեկնարկը նաև անհարգալից վերաբերմունք է տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու և քաղաքապետի ինստիտուտի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ համապատասխան հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստանին» է պատկանում. խորհրդարանական ընդդիմությունը կասկած էր հայտնել, որ Երևանին մի քանի ընկերությունների և անհատների կողմից 21 աղբատար մեքենաների նվիրատվության մեջ կարող էին լինել կոռուպցիոն ռիսկեր, և որ հնարավոր է՝ բեռնատարների դիմաց քաղաքապետարանը նվիրատուներին տվել է շինթույլտվություններ՝ նման կերպ նրանց վարձահատույց լինելու։

Իշխանությունների կեցվածքն այս հարցում, իհարկե, անակնկալ դժվար է համարել: Այն, ըստ էության, բացառապես ունի քաղաքական դրդրապատճառներ. Փաշինյանի ողջ թիմը որոշել է բռունցքվել ու մի մարդու նման դուրս գալ ընդդեմ Հայկ Մարությանի անունն «արատավորող» հանձնաժողովի գոյության դեմ ու, քանի ուշ չէ, կանխել դրա գործունեության պատճառով անխուսափելիորեն առաջանալիք տհաճ հետևանքները: Իրավունքի ուժով ստեղծված քննիչ հանձնաժողովի բնականոն գործունեությունը, մեծ հավանականությամբ, կարող էր դառնալ իշխանությունների համար կործանարար պրոցեսների սկիզբ՝ հեռուն գնացող հետևանքներով, ու վերջին պահին, փաստորեն, որոշում կայացվեց չվստահել Հայկ Մարությանի անաչառության մասին իշխանական առասպելներին ու չտրվել սեփական բախտը փորձելու վտանգավոր գայթակղությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել