Factor.am-ը գրում է․

Հայաստանում պետական հեղաշրջման փորձի մասին «Հայկական ժամանակ»-ի հրապարակումն ուսումնասիրելու է Ազգային անվտանգության ծառայությունը: Դատախազությունը հրապարակումն ուսումնասիրել և ուղարկել է ԱԱԾ: Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին Գլխավոր դատախազությունից:

Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու փորձերի մասին երեկ Factor TV-ի եթերում հայտարարել էր նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Արմեն Գրիգորյանն այսօր էլ տեղեկացրել է, որ պետական հեղաշրջման փորձով քննություն է ընթանում: Արմեն Գրիգորյանն անվանական չասաց, թե ովքեր են հեղաշրջման փորձ իրականացրել, բայց ԱԽ քարտուղարը սլաքներնն ուղղեց նաև պաշտոնանկ եղած պաշտոնյաների կողմը:

Ուշագրավ է, որ մինչ հեղաշրջման մասին տեղեկությունների շրջանառությունն աշխատանքից ազատվել էին ուժային կառույցների ղեկավարներ: Մասնավորապես, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավար Գեորգի Հայրապետովը: Թեմայի շուրջ նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց՝ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:

Արթուր Վանեցյանի կողմից ծրագրվող պետական հեղաշրջման փորձի մասին Factor TV-ի եթերում խոսել էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետի ընտանիքի ազգական Հրաչյա Հակոբյանը: Նա ակնարկել էր, որ հեղաշրջման փորձը քիչ պատճառ չէր Արթուր Վանեցյանի պաշտոնանկության համար:

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իրեն վերագրվող պետական հեղաշրջման մասին տեղեկությունները «ծայրից ծայր» ապատեղեկատվություն է որակում: Նրա պաշտպանական թիմն այսօր հայտարարություն է տարածել, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը չհերքի այդ տեղեկությունները, ապա դատական գործընթաց կսկվի:

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից կարճ ժամանակ անց հայտարարել էր, որ պետական հեղաշրջում է կասեցվել, որի դերակատարը Վանեցյանը պետք է լիներ: Այսօր Factor TV-ի եթերում Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ պետք է Արթուր Վանեցյանին մեկուսացնել հասարակական գործունեությունից:

Պետական հեղաշրջման փորձի մասին ԱԱԾ-ից որևէ տեղեկություն չի հաջողվում ստանալ: Կառույցն արդեն մի քանի ամիս է՝ մամուլի կենտրոնի ղեկավար չունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել