Factor.am-ը գրում է.

Գլխավոր դատախազությունը «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ հեղաշրջման փորձի մասին հրապարակումն ուսումնասիրել և գործն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Դատախազության հանրային կապերի և լրատվության բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը գրել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետի ընտանիքի մասին ֆեյք նյուզ տարածելով և այլ միջոցներով փորձել է պետական հեղաշրջում իրականացնել:

Պետական հեղաշրջման փորձի մասին Factor TV-ի եթերում խոսել էր նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«ՀԺ-ի հոդվածով հանրությունը իմացավ, թե որն էր Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառը: Այս հոդվածով այդ հարցերի պատասխանը մակերեսորեն գոնե ստացանք»,- ասել էր նա:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ Factor TV-ի եթերում երեկ հայտարարել էր, որ հեղաշրջման փորձեր իսկապես արվել են: Իսկ այսօր էլ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ այս պահին քննություն է ընթանում, եթե անհրաժեշտություն լինի, կհարուցվեն քրեական գործեր:

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն իրեն վերագրվող պետական հեղաշրջման մասին տեղեկությունները «ծայրից ծայր» ապատեղեկատվություն է որակում: Նրա պաշտպանական թիմն այսօր հայտարարություն է տարածել, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը չհերքի այդ տեղեկությունները, ապա դատական գործընթաց կսկվի:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել