Տնտեսագիտության մեջ նոր ուղղություն է մտնում, որը կարելի է անվանել «Տոնածառահենք տնտեսություն»։

Այդ մասին օրերս տեղեկացանք «վարչապետ TV»-ից։ Նա, փորձելով հիմնավորել ամանորյա ծախսերն ու ոչ մի պաշտոնական աղբյուրում չհրապարակված թվերին հղում անելով, տնտեսական հրաշքից էր խոսում։ Թավշյա հրաշքից։

Ըստ Փաշինյանի՝ պետբյուջեից 271 միլիոն դրամ ծախսելով տոնածառների ու տոնական միջոցառումների վրա՝ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ը ընկած ժամանակահատվածի համեմատ ունեցել ենք 9 միլիարդ 307 միլիոն դրամ հավելյալ առևտրաշրջանառության, որից գեներացվելու է նվազագույն հաշվարկներով 325 միլիոն դրամի հարկ։

Այս կասկածելի թվերի ներկայացումից հետո վարչապետը գնաց ԱԺ և սպառնաց, որ հաջորդ տարի կրկնակի շատ է ծախսելու Նոր տարուն, որ այս տարվա էֆեկտը ավելի մեծ լինի։

Փաստորեն, «տնտեսական հեղափոխությունը» փոխում է պրոֆիլը։ Եթե սկզբում առաջարկվում էր ոչխար պահել, ապա հիմա ոչխար պահողները համարյա հակահեղափոխական են հռչակվել, քանզի կառավարության որոշման դեմ փողոց են փակում։ Մոշ հավաքողները չարդարացրին քայլարածների հույսերը, իսկ ՀԴՄ կտրոն հավաքելն արդեն այն հնչեղությունը չի ապահովում։ Մնում են տեսարանները։ Երևի դրա համար էլ տոնածառերը չէին հավաքում։ Ի դեպ, իզուր էլ հավաքել են։

Եթե տոնածառը փող է բերում, ապա այն կարելի էր պահել։ Դրանով իսկ հա՛մ աշխարհին կզարմացնեինք, որ մեզ մոտ տարին կլոր թավշյա Ամանոր է, ու ահագին զբոսաշրջիկ կգար տեսնելու, թե այդ ինչ սորտի ժողովուրդ ու կառավարություն կա երկրագնդի վրա, որ տոները ավարտվել են, իսկ նրանք տարին կլոր Ձմեռ պապի են խաղացնում, հա՛մ էլ դրամաշրջանառությունը կմեծանար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել