Tert.am-ը գրում է.

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման, հնարավոր սահմանադրական փոփոխությունների, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի և այլ ներքաղաքական հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ստեղծվում, նոր սահմանադրական փոփոխություններ են մեզ սպասում, ինչո՞ւ, ի՞նչ խնդիր է ուզում լուծել իշխանությունը:

- Ցանկացած փոփոխություն, այդ թվում՝ սահմանադրական, եթե պատճառաբանված է, եթե իսկապես միտված է լինելու պետության զարգացմանը, ուղղակի անհրաժեշտություն է դառնում, սակայն այս պահին ես չեմ տեսնում այդ անհրաժեշտությունը: Եթե հաշվի առնենք, թե իշխանափոխությունից հետո ինչ փոփոխություններ են արվել, և որքանով են դրանք նպաստել պետության զարգացմանը, հասարակության մեջ նորմալ մթնոլորտի ձևավորմանը, կտեսնենք, որ որևէ փոփոխություն դրական արդյունքի չի բերել: Հիշո՞ւմ եք, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես էր պայքարում նախորդ գումարման ԱԺ-ի դեմ՝ համոզելով, թե այդ ԱԺ-ն խանգարում է  պետության զարգացմանը անհրաժեշտ օրենքների ընդունմանը, և նա կարողացավ արտահերթ ընտրությւոնների միջոցով ձևավորել իրեն անհրաժեշտ խորհրդարանը, բայց որոշակիորեն այս մեր նորանկախ պետության պառլամենտական կենսագրությանը տեղյակ լինելով՝ ասեմ՝ մենք երբեք չենք ունեցել այսպիսի անդեմ խորհրդարան: Խորհրդարանական մեծամասնությունը ձևավորվել է մեկ անձի շուրջ, դա պետք է փաստել և ասել, որ շատ վտանգավոր է, երբ ԱԺ-ն մատաղացու է դարձել վարչապետի ձեռքին:

Մեր օրենսդրական մշակույթին ոչինչ չտվեց այս խորհրդարանը: Նույնը կարող եմ ասել կառավարության մասին: Երբեք այսպիսի մեկ անձին ենթարկվող կառավարություն չեմ հիշում: Դատական իշխանությունն էլ, որը օրենքով որոշակիորեն պաշտպանված է, խնդիր է դրվել մեկ մարդու բռունցքի մեջ դնել, սակայն դա չի հաջողվում: Միակ բաստիոնը, որ մնացել է և չի ենթարկվում իրեն՝ ՍԴ-ն է: Այսինքն մինչ հիմա ինչ արվել է բարեփոխումների անվան տակ, օգուտ չի տվել, եթե չասեմ՝ հակառակը: Ինչո՞ւ հիմա սահմանադրական փոփոխություններ. ինձ համար միանշանակ է, դա արվում է իշխանությունն ուժեղացնելու համար, սահմանադրական փոփոխությունների իմաստը իշխանություն պահելն ու ուժեղացնելն է:

- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը համարում է սահմանադրական փոփոխությունները, ի՞նչ կասեք այս հայտարարության մասին:

- Սա այն դեպքն է, որ իր հետ կհայաձայնեմ: Իսկապես, սահմանադրական փոփոխությունների կարևոր նպատակներից մեկն այն է, որ լուծեն ՍԴ հարցը, կարծում եմ՝ ուզում են ամերիկյան տարբերակը որդեգրել, որտեղ ՍԴ չկա: Եթե ՍԴ նախագահը, դատավորներն ուղղակի այնպիսի պահվածք որդեգրեին, ինչպես ԿԸՀ-ն է, հավատացե՛ք, որևէ պռոբլեմ չէր լինի, առավել քան համոզված եմ դրանում: Այսօր ՍԴ-ն միակ բաստիոնն է, որ չի ենթարկվում վարչապետին: Նրանք ամենատարբեր ճանապարհներով փորձեցին ազատվել ՍԴ դատավորներից, և դրանցից ամենախայտառակն այդ վաղ կենսաթոշակի անցնելու օրենքն էր, որով փորձում են կաշառակերությունը, կոռուպցիան լեգիտիմացնել:

Հիշենք հարձակումները ՍԴ նախագահի, նրա հարազատների վրա, ամեն ձևով փորձեցին ենթարկեցնել ՍԴ-ն ու ՍԴ նախագահին, չստացվեց, և չի ստացվի: Հիմա խնդիր են դրել սահմանադրական փոփոխություններով փոխել ՍԴ-ի կարգավիճակը: Այստեղ շատ անձնավորված, շատ նպատակային, պետության շահից չբխող քայլ է կատարվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել