168.am-ը գրում է.

«Սպանդանոցային մորթի դեմ ակցիաները կվերսկսվեն». 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց Արարատի մարզի բնակիչ, անասնաբույժ, ֆերմեր Լևոն Գրիգորյանը: Անասնապահները երեկ փակել էին դեպի մարզեր տանող ճանապարհները, և բացել էին  միայն այն հավաստիացումներից հետո, որ իրենց հարցերն այսօր պատասխան կստանան:

Եվ այսօր ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջնագրի տեսքով հայտնեց Կառավարության դիրքորոշումը՝ սպանդանոցային մորթին անցումն անխուսափելի է, ոչ սպանդանոցային մորթի ենթարկված անասուններին գյուղացիները կկարողանան վաճառել մինչև հուլիսի 1-ը և միայն Երևանի տարածքից դուրս: Մասնագիտությամբ անասնաբույժ Լևոն Գրիգորյանը 1988թ.-ից ֆերմերությամբ է զբաղվում և  մեզ հետ զրույցում ասաց՝ որոշումը սպասելի էր, բայց ցանկալի չէր:

«Ընդամենը մեզ հանգստացնող տարբերակ են ընտրել: Ստացվում է, որ այն ֆերմերը, որը դեռ բանկին չի դիմել, այդ տհաճ երևույթի մեջ չի մտել, կգնա դրան, այստեղ ուրիշ բան կլինի, սպանդանոցները կընկնեն այն օլիգարխների ձեռքը, ում համար ոչ մի բան է 15-20 մլն ծախսելն ու սպանդանոց կառուցելը: Մենք ստիպված կգնանք սպանդանոց, ու այնտեղ կսկսեն մորթել բոլորին՝ մեզանից սկսած, սկզբում մեզ կմորթեն, հետո՝ մեր անասուններին»,- ասաց ֆերմերը:

Լևոն Գրիգորյանը պնդում է՝ այս դեպքում անասնապահները ստիպված են լինելու արագ և էժան վաճառել միսը, ինչից հետո այլևս իմաստ չի ունենա անասուն պահելը, քանի որ դա գյուղացուն այլևս ֆինանսապես ձեռնտու չի լինի.

«Շատ վատ պատասխան է: Այդ ժամկետների մեջ տխուր բան է ստացվելու: Խուճապից՝ մարդիկ էժան վաճառելու են իրենց անասունը:  Այսօր ամբողջ Արարատյան դաշտում արաբներ են շրջում, որտեղ էլ իրենք չեն հասցրել, արդեն ման են գալիս նրանց գործակալները, ում վճարում են: Ինձ նման ֆերմերը, որ արագ «պրծնի» այս ամեն ինչից, գլխաքանակը պետք է  վաճառի, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ արաբի՞, հնդիկի՞, թե՞ տաջիկի: Վաճառելու է, ստացվելու է, որ ամառվա կեսին մենք չենք ունենալու ո՛չ գլխաքանակ, ո՛չ միս, ո՛չ կաթ, ո՛չ  էլ ոչ մի բան: Դրանից լավ հոտ չի գալիս: Մեծ հավանականությամբ, ակցիաները կշարունակենք Կառավարության դիմաց: Սա գոհացնող որոշում չէ»:

Վարչապետը վստահեցրեց, որ կլուծվի սպանդանոցների քիչ և անհասանելի լինելու խնդիրը, մարզապետարանների և ՍԱՊԾ-ի հետ միասին կգծվի սպանդանոցների համար նախընտրելի վայրերի քարտեզ, որտեղ պետության սուբսիդիայով կկառուցվեն սպանդանոցներ: Ֆերմեր Լևոն Գրիգորյանին այս առաջարկն էլ  չի գոհացնում.

«Ես առանց մեծ գումարի՝ անասնապահությունս չեմ կարողանում առաջ տանել:  Մեկ տուփ խոտը, որը կշռում է 17-21 կգ, արժե 1500 դրամ, դա մեկ կովի մեկ օրվա  նորման չէ անգամ, գումարած՝ խտացրած կերերը, որոնց արժեքը սկսվում է 140-180 դրամից՝ գարի, կուկուրուզ: Մենք  այս բեռը հազիվ տանում ենք, ի՞նչն է սուբսիդավորում, մեզ պետք է գցի այդ տոկոսով փողի մե՞ջ, ի՞նչ անենք մենք, ո՞նց անենք մենք: Այնքան բարկացած եմ: Իրենց սուտ մասնագետներ համարող մարդիկ, ովքեր չգիտեն՝ անասունը որտեղի՞ց է, ի՞նչ է, ո՞նց է, վարչապետին սխալ բաներ են  ներկայացնում, էդ մարդն էլ այդ մասին է խոսում: Մտածում է, որ ֆերմերին լրացուցիչ բեռի տակ մտցնի, կարող է ինչ-որ բա՞ն փոխել: Այս բնագավառը ծերացող բնագավառ է, մասնագետ չկա, ծնելիությունը որ խթանում են, ի՞նչ սերունդ ենք ունենալու, հնդկական բրիկետներով են սնվելու՞: Ո՞վ է նման բաներ ասում վարչապետին, ինքը գյուղի տղա է, չի հասկանո՞ւմ»:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Կառավարության շենքի առջև և դեպի մարզեր տանող ճանապարհներին ցույցի դուրս եկած գյուղացիներին առաջին հերթին հուզում էր այն, որ իրենք ստիպված են լինելու գումար վճարել, որ սպանդանոցը մորթի իրենց անասունը, իսկ այժմ իրենք կամ անվճար, կամ չնչին գումարի դիմաց են դա անում:
Այս մասով առաջարկ Կառավարությունը չարեց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել