Hraparak.am-ը գրում է.

Կառավարության հարկային բարեփոխումներն արդեն հարվածել են քաղաքացու գրպանին։ Հունվարի 1-ից բարձրացել է ակցիզային հարկի դրույքաչափը էթիլային սպիրտի, գարեջրի, IQOS տեխնոլոգիայի ծխախոտի արտադրանքի վրա։ Սրա արդյունքում կտրուկ բարձրացել է դրսից բերվող հումքով արտադրվող եւ  ներմուծվող օղու գինը, իսկ էլեկտրական սիգարետի ու գարեջրի սիրահարները թանկացումների սպասման մեջ են։ 

Հանրապետության խանութներում ու սուպերմարկետներում 450-550 դրամ արժողության կես լիտրանոց «Ավշարը», որը հասարակ խմող մարդկանց ուրախություններից էր, այժմ արժե 900-950 դրամ, ինչն էական հարված է օգտագործողների գրպանին, քանի որ այս օղին սպառում են 150 հազար դրամից պակաս եկամուտ ունեցողները։ «Բոլոր օղիների գները բարձրացել են՝ թե՛ ռուսական, թե՛ հայկական արտադրության։ Դա տեղի է ունեցել վերջին երկու-երեք օրերին, կապված է ակցիզները մտցնելու հետ»,- ասաց «Երեւան սիթի» առեւտրային ցանցի մենեջերներից մեկը։ Հարցին, թե արդյոք դա անդրադարձե՞լ է սպառման ծավալի վրա, նա պատասխանեց․ «Այո, իհարկե, հատկապես կես լիտրանոց օղիներն ավելի քիչ են առնում»։ 

Որեւէ դրական սոցիալական էֆեկտ գործարանային օղու թանկացումը չի ունենա, քանի որ, ինչպես ասում են, «խմողը էլի կխմի»։ Այլ հարց է, թե ինչ կխմի։ Օգտագործողները կանցնեն տնայնագործական օղու՝ պտուղ- հատապտուղներից պատրաստված, քանի որ այս տեսականու վրա ակցիզային հարկի թանկացումը չի անդրադառնալու։ Հենց տնական օղու արտադրությունը խթանելու տրամաբանությամբ էր վարչապետն արդարացնում ՀՀ կառավարության այս քայլը։ Մարտի 7-ին, կառավարության նիստի ժամանակ, ակցիզային հարկի բարձրացման վերաբերյալ քննարկմանը նա հայտարարեց․ «Մի կողմից քայլ ենք անում, որ անորակ օղիները շրջանառությունից դուրս գան, էն, որ բաժակը բարձրացնում են, տնեցիքին հաջող անում, նոր խմում: Մյուս կողմից՝ ուզում ենք, որ այդ բացը լրացվի տնայնագործական ալկոհոլային խմիչքներով, որոնց նկատմամբ որոշակի որակի չափանիշներ պետք է գործեն»։ 

Տնայնագործական օղիները դեռ չեն թանկացել, սակայն պահանջարկի աճի պայմաններում հնարավոր է, որ թանկանան։ Բացի դա, դրանք արտադրողը պետտուրք է վճարելու։ Տնտեսագետներն ամենամռայլ կանխատեսումներն էին անում 2020 թվականի հունվարի համար, դեռեւս անցյալ գարնանը կանխատեսելով գների կտրուկ բարձրացում ծխախոտի արտադրանքի ու ալկոհոլի շուկայում։

Ակցիզային հարկի բարձրացման հաշվարկը բավականին բարդ է՝ 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ամբողջական տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), իսկ ներառյալ 9 տոկոս սպիրտայնությամբ ապրանքների համար ակցիզային հարկը յուրաքանչյուր լիտրի համար սահմանվում է 100 դրամ: «Մեկ շիշ օղու հաշվով 1 լիտր էթիլային սպիրտի հաշվով 1000 դրամով թանկացել է ակցիզային հարկը, եւ կես լիտր օղու հաշվով սա արդեն կարող է 100 տոկոսանոց թանկացման բերել,- մեր խնդրանքով պարզեցնում է տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանը։- Փոփոխությունները հետեւանք են եկամտահարկի համահարթեցման։ Եթե հիշում եք, երբ այդ նախագիծը բերվում էր, խնդիրներից մեկը, որ պետք է լուծեր օրվա իշխանությունը, այն է, որ եկամտահարկի համահարթեցման արդյունքում էապես նվազում էին եկամտային հարկերը, եւ դրանք փոխհատուցելու համար ընտրեցին ամենակարճ ու սոցիալական առումով ամենախոցելի տարբերակը՝ փոփոխություն արվեց անուղղակի հարկերում, այսինքն, հարկերում, որոնք վճարելու ենք բոլորս, հանրությունը։ Առաջնային էապես բարձրացվեց ակցիզային հարկը ալկոհոլային խմիչքների, եւ մենք ունեցանք նաեւ այդ ապրանքատեսակների էական գնաճ։ Մի բան ակնհայտ է, որ փաստացի բարձր եկամտահարկ ունեցողների եկամտահարկը զիջեցինք բոլորի հաշվին։ Ալկոհոլային խմիչքներ օգտագործողները փոքր սեգմենտ չեն, եւ եթե ընտանիքում անգամ մեկն է ալկոհոլ սպառում, ընտանեկան բյուջեի վրա անդրադառնալու է փոփոխությունը»։ 

Ավետիսյանը կանխատեսում է, որ ակցիզային հարկի բարձրացումը բերելու է վաճառքի ծավալների եւ շուկայի կրճատման։ «Սա անհետեւանք չի կարող մնալ նաեւ աշխատողների թվաքանակի առումով։ Որքանով տեղյակ եմ, կան ինտենսիվ լուրեր, որ արդեն գործող տնտեսվարողները նախատեսում են ալկոհոլային խմիչքի արտադրանքի կրճատում եւ նույնիսկ դադարեցում։ Չի բացառվում, որ գործունեություն ծավալելն այլեւս տնտեսապես արդարացված չլինի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել