Pastinfo.am-ը գրում է.

Գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը։ «Փաստինֆո»-ին այս մասին ասաց դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նշենք, որ հունվարի 20-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարեց, որ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաև Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Սերգո Կարապետյանին՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանին՝ ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Ավելի վաղ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել էր՝ Սերժ Սարգսյանին վերաբերող քրեական գործով օրինականությունը պահպանելու դեպքում այն ենթակա է անհապաղ կարճման։

«Քրեական գործում շատ հետաքրքիր բաներ կան, որոնք արդեն իսկ մեր ձեռքի տակ են, որոնց մասին պարբերաբար կտեղեկացնենք հանրությանը։ Վարույթն իրականացնող մարմնի ուշադրությունը հրավիրել ենք, որ այդ պայմաններում առավել քան ակնհայտ է՝ պարոն նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի և քրեական գործի վարույթը կարճվի»,-ասել էր Ամրամ Մակինյանը`ընդգծելով. «քրեական գործում չկան թե՛ Սերժ Սարգսյանին մեղադրելու բավարար հիմքեր, թե՛ նրա նկատմամբ խափանման միջոց նշանակելու բավարար հիմքեր, թե՛ գույքի վրա կալանք դնելու բավարար հիմքեր»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել