168.am-ը գրում է․

Խորհրդարանն այսօր 90 կողմ, 20 դեմ և 1 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի հեղինակած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն ընձեռել նաև ՀՀ ոստիկանությանը:

168.am-ի հետ զրույցում Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը նշել էր, որ նախագիծը հատվածական լուծումներ է պարունակում, և չկան հաշվետվողականության և վերահսկման հստակ մեխանիզմներ, ավելին՝ նախագծում բացակայում են ֆինանսական ծախսերի մասին հաշվարկները, ինչը վկայում է, որ նախագիծը թերի է։

Փոխնախարարը նաև նշել էր, որ Կառավարությունը հարցի լուծման համար դիտարկում է մի քանի տարբերակ, որոնցից մեկը վերաբերում է առանձին մարմնի ստեղծմանը, որին էլ կվերապահվի գաղտնալսելու գործառույթները, և որը կլինի անկախ մարմին։

Նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանից 168.am-ը հետաքրքրվեց, արդյո՞ք կիսում է փոխնախարարի մտահոգությունները, և ինչպե՞ս է վերաբերվում գաղտնալսելու համար առանձին մարմնի ստեղծմանը։

«Նախագիծը և այս փոփոխություններն այնքան մեծ կարևորություն ունի, որ ծախսերի չափն այստեղ երկրորդական բնույթ ունի։ Սակայն օպերատիվ-հետախուզական միջոցառումը կամ հեռախոսային խոսակցությունների վերահսկումը, որն իր մեջ ներառում է նաև մի շարք այլ միջոցառումներ, օրինակ՝ մարդու գտնվելու աշխարհագրական դիրքի պարզումը, ոստիկանությունը կարող է իրականացնել առանց ծախսերի»,- ասաց Արմեն Խաչատրյանը։

Ըստ նրա, ոստիկանությունն ունի նաև օպերատիվ տեխնիկական ստորաբաժանում՝գաղտնի հաստիքացուցակով, որոնք կարող են իրականացնել այդ միջոցառումը, ըստ այդմ, առանձնակի մեծ փոփոխություն անելու անհրաժեշտություն չկա։

Թե որքա՞ն գումար կծախսվի օպեպրատիվ-հետախուզական գործողություններ իրականացնելու, տեխնիկա ձեռք բերելու, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ տեխնիկա և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, պետք է որոշի ոստիկանությունը:

«Ես նույնիսկ տեղյակ եմ, որ այդ ամենը ոստիկանությունը կարող է անել՝ Կառավարությունից առանց որևէ դրամական միջոցներ պահանջելու»,- շեշտեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է գաղտնալսելու համար առանձին մարմնի ստեղծմանը, Արմեն Խաչատրյանն ասաց. «Ունեմ բացասական կարծիք։ Չեմ կարծում, որ ԱԱԾ-ից կարելի է վերցնել օպերատիվ-հետախուզական միջոցառման լիազորությունը, նա պետք է ինքնուրույն հնարավորություն ունենա իրականացնելու այդ միջոցառումը, քանի որ նրա գործունեությունը գլխավորապես իրականացվում է գաղտնի, և այդ գործիքակազմը չունենալն ուղղակի կթուլացնի, և կարող է պարալիզացնել մի շարք կառույցների աշխատանքը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել