168.am-ը գրում է․

«Ժողովրդավարական Հարենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն ահազանգում է. Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները պետք է լուրջ ուսումնասիրության ենթարկվեն, դրանից արվեն հետևություններ, հակառակ պարագայում՝ պետությունը կհասնի շատ ծանր հանգրվանի։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Պ. Մակեյանը՝ նշելով, որ, ինչպես ուժային կառույցների նախկին ղեկավարների մահը, այնպես էլ՝ Կուտոյանինը լուրջ ցնցում էր երկրի համար։

«Երբ երկրում ընթանում են հետհեղափոխական գործընթացներ, և բարեփոխումների անվան տակ ընթանում են տարբեր գործընթացներ, որոնք բերում են ցույցերի և հանրահավաքների, իսկ եթե դրանց էլ գումարվում են նման մարդկանց մահերը, ապա իշխանությունը պետք է սթափվի։ Արդեն 1.5 տարի անցել է, ինչը բավական էր, որ այդ անփորձ ջահելները փորձ ձեռք բերեին»,- ասաց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահը։

Վերջինս Հայաստանում չբացառեց հեղաշրջման փորձերը, որոնք կարող են իրականացնել կա՛մ արտաքին ուժերը՝ Ռուսաստանը, կա՛մ նախկինները, կա՛մ գործող իշխանությունը։

«Այո,՛ նաև այսօրվա իշխանությունը կարող է գնալ դրան. այն համակարգը, որը չի հասկանում, թե ինչ է անում, կամ անում է՝ առանց մտածելու և վերլուծելու, աշխատում է ինքն իր դեմ»,- ասաց Մակեյանը։

Համեմատելով նախկին և ներկա իշխանությունների գործունեությունը՝ Պետրոս Մակեյանը նշեց, որ շատ հարցերում ներկաները կրկնում են նախկիններին։

«Նախկիններն ընտրակաշառք էին բաժանում, թվանկարչությամբ իշխանություն էին վերցնում, բայց ժողովրդից էլ մի քիչ զգուշանում էին, սրանք՝ նորերը, ասում են, որ ժողովրդից քվեն վերցրել են և ինչ կուզեն՝ կանեն։ 2018 թվականի ընտրություններին աշխատել է ընտրակաշառքը՝ 20 հազար դրամի տեսքով, եղել են նաև խմբակային ուղղորդված քվեարկություններ, օրինակ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին»,- ասաց Մակեյանը։

Խոսելով երկրում հնարավոր հեղաշրջման փորձի վերաբերյալ իր հայտարարություն-զգուշացումների մասին՝ Պետրոս Մակեյանը նշեց, որ հեղաշրջման հնարավոր փորձերի մասին խոսել է՝ երկրում ընթացող զարգացումների վրա հիմնվելով, և այդ մասին ինքն ասել է՝ որպես քաղաքական գործիչ, իսկ եթե Ազգային անվտանգության ծառայությունը խնդիր է տեսնում, ապա կարող է գնալ առ այսօր հնչեցված բոլոր քաղաքական հայտարարությունների հետևից և համեմատել առկա փաստերը։

«Մարտի 1-ի դատավարությունը, մարդկանց բռնելն ու թողնելը, գողոնի չհավաքագրելը, ռևանշիստների ակտիվացումը, 5-րդ շարասյան գործոնը և իշխանությունների սխալներն ու բացթողումները. սրանք զարգացումներ են, որոնց ես նայում և տեսնում եմ, որ այն ուժերը, որոնք իշխանությունից զրկվել են, հիմա իշխանության գալու հնարավորություն են փորձում ստեղծել։ Հեղաշրջման հետ կապված՝ ես կարծում եմ, որ հեղաշրջման պատվերը դրսից է եկել, գործող իշխանությունն էլ, քանի որ այնքան թույլ է, ձեռքերն էլ՝ այնքան կարճ, որ դրսի ուժերի հետ պարզաբանումների չէր կարող գնալ, զինադադար է կնքել ու դրսի ուժերի հետ եկել փոխզիջման ու երկխոսության։ Եկել են ինչ-որ պահի մի կոմպրոմիսի»,- ասաց Մակեյանը։

Խոսելով երկրի ներսում ծավալվող զարգացումների մասին՝ Պետրոս Մակեյանը նշեց, որ իշխանության կազմում շատ են մարդիկ, որոնք բարեփոխման անվան տակ լրջագույն խնդիր են ստեղծում հենց նույն Նիկոլ Փաշինյանի համար, իսկ այն գյուղացիները, որոնք այսօր ճանապարհ են փակում, վաղը կամ մյուս օրը գլուխներ են ջարդելու։

«Օրինակ՝ եկեք նայենք, թե ի՞նչ է կատարվում։ Սամվել Ալեքսանյանը ամբողջ գյուղատնտեսության մի ոլորտը՝ խոզաբուծությունը, երկու տարին մեկ դեմպինգի է ենթարկում, ջարդում է գլխաքանակը՝ դրանով 1 տարվա կտրվածքով ապահովում իր համար գերշահույթ։ Այս մասին խոսել ենք նախկինում, խոսում ենք նաև հիմա։ Այդ գյուղացիները, որոնք հիմա ճանապարհ են փակում, վաղը գլուխ են ջարդելու, և սա չի լինելու այլևս բաց ձեռքերի քաղաքականություն»,- ասաց Մակեյանը՝ նշելով, որ, եթե Ալեքսանյան Սամվելի մասին իր ասածների վերաբերյալ իշխանությունը գործողություններ չկատարի, ապա ինքը դրանից կանի եզրակացություն:

«Ես կմտածեմ, որ այստեղ կա շահերի բախում, իսկ եթե ես համոզվեմ, որ այսօրվա իշխանությունը շահեր ունի օլիգարխների հետ, այդ դեպքում հարց կառաջանա՝ ինչո՞ւ մենք գնացինք այս ամենին. ի՞նչ տարբերություն՝ Սաշի՞կն է, թե՞ Պողոսը, եթե արդյունքում նույն բանն են անում»,- ասաց նա։

Պետրոս Մակեյանն անդրադարձավ նաև այսօր խորհրդարանում բանավեճերի առիթ տված Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին և Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն հայտարարությանը, թե մենք ունենք ներքին զորքեր, քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ ստեղծվելու ժամանակ, և թող մեկը փորձի իր բախտը և պետության հետ սպառնալիքի լեզվով խոսի:

«Պետությունն այս պահին այնքան հզոր է, որ թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնա։ Մենք ունենք ներքին զորքեր, մենք ունենք քրեակատարողական համակարգում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն և իրավական հիմք։ Եվ թող մեկը փորձի իր բախտն ու փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել», – ասել էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Ի պատասխան Բադասյանի այս խոսքերի՝ Պետրոս Մակեյանն ասաց.

«Ես 1.5 տարի եղել եմ բանտում, տեսել եմ այդ համակարգը, որը փոխկապակցված է դրսի հետ։ Դրա համար ցանկացած օրենք, որը գրվում է, պետք է լուրջ վերլուծվի, նոր կյանքի կոչվի։ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ էին ներքին զորքերով իշխանություն պահում, հիմա բանը հասել է նրան, որ իրենք է՞լ են փորձում իշխանությունը պահել ներքին զորքերով։ Հիմա, փաստորեն, ունենալով ժողովրդի վստահությունը՝ այդ ներքին զորքերը ո՞ւմ դեմ է օգտագործում, ուրեմն այդ կրիմինալն այդքան հզո՞ր է, որ ներքին զորքեր են պահում դրա դե՞մ։ Եթե այդպես է մտածում՝ նշանակում է՝ կա՛մ օրենքը լավ չի ճանաչում, կա՛մ կրիմինալին»,- ասաց Մակեյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել