Ելի համալսարանի, Հելմհոլցի անվան կենտրոնի և Աուգսբուրգի համալսարանական կլինիկայի գիտնականները պարզել են, որ աղտոտված օդում հանդիպող գերմանր մասնիկները (100 նանոմետր), որոնց հիմնական աղբյուրը քաղաքում ավտոմոբիլների արտանետումներն են, կարող են սրտամկանի ինֆարկտ հրահրել: Այդ մասին ասված է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում՝ գրում է RIA Novosti-ն:

Հետազոտողները եկել են այն եզրակացությանը, որ օրգանիզմի վրա ներգործության առաջին մի քանի ժամվա ընթացքում մասնիկները, որոնք հեշտությամբ թափանցում են արյան մեջ, կարող են առաջացնել սրտի հետ կապված լուրջ խնդիրներ:

«Աշխատանքը հաստատում է այն, ինչի մասին կռահում էինք երկար ժամանակ. աղտոտված օդի մանրագույն մասնիկները կարող են ազդեցություն գործել սրտի լուրջ հիվանդության զարգացման վրա: Դա հատկապես ակտուալ է առաջին մի քանի ժամվա ընթացքում»,-հայտարարել է հետազոտության առաջին հեղինակ, Ելի համալսարանի դոցենտ Կայ Չենը: Նա ընդգծել է, որ գերմանր մասնիկների բարձր մակարդակներն անհանգստություն են առաջացնում հանրային առողջապահության տեսակետից: Հետազոտությունն ընդգրկել է գրեթե վեց հազար մարդու, որոնք ինֆարկտ են տարել 2005-ից մինչեւ 2015 թվականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել