Hraparak.am-ը գրում է.

Գործարար Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ «Բջնի» գործարանը իրականում պատասխանում է իրեն և իր փաստաբանները զբաղվում են գործարանը օրենքի սահմաններում Ռուբեն Հայրապետյանից հետ վերցնելու հարցերով։ «Հրապարակի» հետ զրույցում Հայրապետյանն ասաց, որ արդեն 3 ամիս է, ինչ Սուքիասյանը բողոք է գրել, գործարանում ստուգումներ են սկսվել և այժմ էլ ընթանում են․

«Դեռ վաղուց՝ հոկտեմբերին՝ էդ բողոքը որ գրել է, ստուգումները մինչև էսօր գնում ա, է,՜ 3 ամիս է, էդ ստուգումները գնում են, ես շա՞տ եմ իմանում՝ ինչ են գտել, ինչ՝ չէ, դեռ ընթացքի մեջ է»։

Հայրապետյանին նաև հարցրինք Ֆուտբոլի ֆեդերացիայում հնարավոր չարաշահումների վերաբերյալ իր դեմ հարուցված քրեական գործերի մասին։ Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով. 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մաս  (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը): Հայրապետյանն էլ հայտարարել էր, որ չի պատրաստվում փախչել, եթե հրավիրեն վարույթ իրականացնող մարմին, ապա կգնա, ուստի հարցրինք, թե այս ընթացքում իրեն կանչել են հարցաքննության․

«Դուք իմ մասին լսե՞լ եք, ինձ ճանաչո՞ւմ եք, ես էդքան փախնողի նմա՞ն եմ , ինձ եթե կանչեն ցուցմունք տալու, կամ քննչական վարչություն են կանչելու կամ քննչական կոմիտե, բայց մինչև էսօր չեն կանչել ։ Ախր ինձ ինչի՞ համար կանչեն, Դուք չե՞ք հասկանում, որ դա բլեֆ է, հեքիաթ է։ Էդ ֆեդերացիայում 2 հատ մետրանոց մարդ կա՝ Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը, այդ մարդուկների դավադրությունն է, Դուք չե՞ք ջոկել»։ 

Հայրապետյանին հարցրինք՝ ի՞նչ է կարծում քրեական գործերը մինչև ո՞ւր կարող են հասնել, կկարճվե՞ն, թե՞ «խմորը դեռ շատ ջուր կվերցնի»․ 

«Դուք Ձեր էդ հարցերը պրոֆեսիոնալ ձևով էդ գործը սարքողներին տվեք, ես չեմ կարող պատասխանել, ես չգիտեմ՝ մարդկանց ֆանտազիան ինչ աստիճանի կարա լինի, չեմ կարող ասել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել