Hraparak.am-ը գրում է.

Հունվարի 9-ից, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը այլևս այդ պաշտոնում չի աշխատում, վարչապետի խոսնակի պաշտոնը թափուր է։ Ավելին՝ այս անգամ սովորության համաձայն որևէ անուն չի շրջանառում։ Ե՞րբ կարող ենք սպասել նշանակման և որևէ անուն կառավարությունում քննարկվու՞մ է, թե ոչ։ Ի վերջո այսօր հունվարի 21-ն է։

Հարցն ուղղեցինք կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշոնակատար Արմեն Խաչատրյանին և ստացանք սպասելի պատասխան։ «Անուն կլինի, երբ կլինի համապատասխան որոշում»։

Նիկոլ Փաշինյանն էլ բազմանշանակ լռության մեջ է։ Իր երկրում Ազգային անվտանգության ծառայության, թեկուզև՝ նախկին ղեկավար է սպանվել կամ «ինքնասպանվել», վարչապետը լռում է։ Այն վարչապետը, որը ամանորյա բլինչիկի առիթով անգամ սովորություն ունի ֆեյսբուքից ներխուժել ՀՀ հպարտ քաղաքացու տուն և ինչ-որ բան ասել։  

Այս խոսուն լռությունը էլ ավելի խոսուն է դառնում։ Ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանին, ապա նրա վերջին գրառումը եղել է հունվարի 9-ին, այդ օրվանից այլևս չի կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները՝ հավեսով ու նվիրումով։

Նրա գրառման տակ հարյուրավոր քաղաքացիների հարցերին, թե ինչու, ինչն էր պատճառը, Վլադիմիր Կարապետյանը այդպես էլ չի պատասխանել։ Ինչպես նաև «Հրապարակի» հարցերին՝ այսօր։

Վլադիմիր Կարապետյանն ի պատասխան՝ ասաց, որ հարցազրույց չի տալիս։ Միակ բանը, որ հայտնի է, այն է, որ նա Երևանում է։ Հիշեցնենք, որ նրան լրագրողները հունվարի սկզբին տեսել էին «Զվարթնոց» օդանավակայանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել