Վերջին երկու օրերը նշանավորեցին գազի գնի թանկացումը արդարացնելու հրահանգ ստացած քայլառաստների մտքի գոհարների շքերթով, որը վկայում է, այնուամենայնիվ, շատ կարևոր ու նույնիսկ վտանգավոր մի փաստի մասին:

Շքերթը գլխավորում էր աշխարհի ամենաանկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով, սեփական լսարանին իմբիցիլների տեղ դնելով, որոշեց պնդել, որ գազի գինը բարձրացնում են նախկինները, մասնավորապես՝ նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը իր պաշտոնյա բաջանաղի միջոցով: Բաբաջանյանը, սակայն, չբարեհաճեց նշել, թե ինչո՞ւ, ի տարբերություն Թովմասյանի ընկերների, սանիկների, ծնողների ու դստեր, Վանեցյանի բաջանաղն է ընկել ռեպրեսիվ «կատոկի» տակ: Զարմանալի էր նաև, թե ինչու Բաբաջանյանը չորոշեց այս գործն էլ կարել Թովմասյանին:

Հաջորդ օրն էստաֆետան ընդունեցին ոչ պակաս պսիխոդելիկ կրեատիվությամբ օժտված իշխանավորները: Նախ՝ «Պողոսի» հարևան Բաբկեն Թունյանը սկզբից ասաց, որ թանկացման մեջ մեծ ողբերգություն չկա, ու բուն թանկացումը նույնպես արդարացրեց առհասարակ նախկինների գոյությամբ:

Ավելի ուշ խրախճանքին միացավ Երևանի հասարակության հետ կապերի վարչության պետը, ով բառացիորեն ասաց, որ «գազի գինը կարող է բարձրանալ, բայց ոչ թանկանալ»: Ենթադրում եմ՝ մոտ օրերս շքերթը կշարունակի Արմեն Դարբինյանը՝ պնդելով, որ գազի թանկացումը կլինի արդեն 2020 թվականի գլխավոր նվաճումը:

Սակայն ամենակարևոր դերը վերապահված էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով սկզբից արտաբերեց նախապես պլանավորված մի մանիպուլյացիա․ նա ասաց, որ այս տարի սահմանին գազի գինը չի թանկանա, ու դա միանգամից մի քանի հոդվածի վերնագիր դարձավ «Հայկական ժամանակի» կայքում: Հանուն արդարության պետք է նշենք, որ սահմանին գազը իրոք այս տարի թանկանալու պլաններ չունի, քանի որ այն արդեն թանկացել է դեռ 2018-ի դեկտեմբերին: Կարծում եմ՝ շատերս պիտի դա հիշենք, քանի որ հենց այդ ժամանակ էր, որ Փաշինյանը ասաց, որ գազը սպառողի համար չի թանկանա ու հլը մի բան էլ կարող ա էժանանա:

Ինչևէ, հետո փոխվարչապետն անցավ ծրագրի մեխին: Նա պնդեց, որ թանկացումը հիմնավորված է անվտանգության նկատառումներով: Ու եթե նախորդ քարոզիչների ջանքերը զուտ վկայում էին նրա մասին, որ Նիկոլին վիզ փող ա պետք, ապա այս մեկը հստակ մատնանշեց այն ստոր ու հանցավոր դավադրությունը, որին Փաշինյանը սպառնում է՝ մեզ դիմելով, եթե գազը չթանկանա: Փոխվարչապետը, ըստ էության, ասաց, որ եթե գազը չթանկանա էլ, կազմակերպվելու են տեխնոգեն աղետներ: Վերջին երկու տարում քաղաքական սպանությունների երբեմն բավականին ցինիկ ու դաժան շարանը մեզ պետք է հուշեր, որ էս տականքը որևէ բարոյական նորմ չունի, բայց ընդունում եմ, որ նույնիսկ ինձ համար այս ամենը լսելը բավականին շոկային էր:

Փոխավարչապետի ասածը, իհարկե, նույնքան սուտ է, որքան մնացած քարոզիչներինը, պարզապես, քանի որ նա մեջներից ամենախելքը գլխինն է, իր սուտը ոչ այդքան ականջ ծակող էր, որքան մնացած «դեգեներատ համբալներինը»: Իսկ սուտ է սա, որովհետև «Գազպրոմ Արմենիան» արդեն մեկ տարուց մի փոքր ավել է, ինչ աշխատում է նոր սակագնով ու առանձնապես խնդիր չի ունեցել: Ավելին, երբ Նիկոլը հրապարակներում ու տարատեսակ ամբիոններում գազը էժանացնելու խոստումներ էր շռայլում, նա շատ լավ գիտեր տեղական «Գազպրոմի» այս ամրության զապասի մասին:

Այդ ամենի մաթեմատիկային ես դեռևս կանդրադառնամ, սակայն միայն Փաշինյանի գալիք ասուլիսից հետո: Շատ եմ ուզում տեսնել` գազի թանկացումը արդարացնելու որ տարբերակը նա վերջիվերջո կընտրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել