Factor.am-ը գրում է.

Այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։ Որոշումը հարուցեց անասնաբույծների և մսավաճառների զայրույթը և արդեն մի քանի օր է՝ նրանք կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են անցկացնում:

Խնդրի վերաբերյալ Factor.am-ը զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ:

-Պարոն Պիպոյան, անասնաբույծները և մսավաճառները բողոքում են կառավարության որոշման դեմ: Ի՞նչ եք կարծում՝ նրանք դժգոհելու հիմքեր ունե՞ն:

-Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենք իրենց մեջ տարբեր մոտեցումներ ունեն: Նրանց ասածների մեջ կան հարցադրումներ, որոնցում օբյեկտիվ տարրեր կան: Այստեղ պետք է քննարկել ոչ թե որոշման հետաձգման, այլ գործիքների ներդրման հնարավորությունները, որպեսզի այս խնդիրները լուծվեն: Մարդիկ, որոնք այս տեսակետի կողմնակից են, կարծում եմ՝ այլևս բողոքողների շարքում չեն լինի: Բայց կան մարդիկ, որոնք համարում են, որ սպանդանոցներ չպետք է լինեն: Նրանց դիրքորոշումը ես չեմ կիսում և չեմ կարող նրանց բողոքին գնահատական տալ: Եթե մարդն ասում է, որ այսօր ցանկանում էր մորթ անել, բայց չկարողացավ, դա կարող է ճիշտ լինել, բայց հարց է առաջանում՝ նա երկու օրվա ընթացքում կարո՞ղ է մորթ անել, թե՞ ոչ: Եթե այո, ուրեմն պետք է այդ խնդիրը լուծելու մեխանիզմ գտնենք:

-Բողոքողների մի մասն էլ ասում է՝ փոխանակ կառավարությունը գյուղացուն պարարտանյութ տա, օգնի զարգացնել գյուղատնտեսությունը, ուզում է ունեցածը ձեռքից տանել: Ընդունելի՞ է այս քննադատությունը:

-Մարդիկ, որոնք ասում են, որ կառավարությունը պետք է գյուղատնտեսությանն աջակցի, նրանց ես ծափ եմ տալիս: Իսկ սպանդանոցային մորթի անցումը գյուղատնտեսության զարգացման գործիք է, ոչ թե հետքայլ: Նրանք, ովքեր ասում են՝ գիտեք, շատ լավ եք անում, բայց պետք է մտածեք այլ բաների մասին ևս, այդ մարդկանց պահանջն իրականում նորմալ է: Սակայն նրանք կարող էին այդ պահանջները ներկայացնել այն դեպքում էլ, եթե սպանդանոցների մասին խոսք չլիներ:

-Մսագործները սպառնում էին նաև խանութներին միս չմատակարարել: Կարո՞ղ է իրավիճակը սրվել:

-Եթե մտնենք Երևանի խանութներ, պարզ կդառնա՝ այնպես չէ, որ բոլոր մսավաճառները միսը գյուղացուց են գնում: Այսինքն, կա երրորդ օղակ, որը միսը վերցնում է, բերում, մատակարարում խանութներին: Այսինքն, այս դեպքում այդ երրորդ օղակը խնդիր է ունենալու:

-Այսօր՝ հերթական ակցիայի ժամանակ, քաղաքացիները հարց են ուղղել՝ իրենք Սերժ Սարգսյանի օրենքները մերժել են, որ հիմա դրանք էլի կապեն իրենց գլխի՞ն:

-Ես չեմ ուզում քաղաքական գնահատականներ տալ: Բայց պարզ է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո մայր օրենքները մնացել են նույնը: Եվ ՀՀ-ում փոփոխությունները չեն եղել օրենքների վերանայման օրակարգով: Վարչապետը մի առիթով հայտարարեց, որ իրենք այդ օրակարգով չեն եկել:

-Այս պարագայում ի՞նչ պետք է անի կառավարությունը:

-Կառավարությունը հստակ պետք է տարանջատի բողոքողների տեսակետները և պետք է կարողանա աշխատել ցուցարարների հետ: Խնդիրների մի մասը ռեալ լուծվող են, մի մասն՝ անլուծելի: Եթե մարդն ասում է՝ մեզ սպանդանոց պետք չէ, կառավարությունը պետք է որոշի՝ իրեն պետք է, թե՞ պետք չէ: Եթե իրեն պետք է, ապա այն մարդը, որն ասում է՝ պետք չէ, թող բողոքի: Ես կարծում եմ՝ բարեփոխում պետք է, մնացյալը թող կառավարությունը որոշի:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել