Tert.am-ը գրում է.

Խտրական վերաբերմունք կա «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ. ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ կալանավորված պետք է մնա այնքան ժամանակ, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել: Այս մասին Երևանի Վերաքննիչ դատարանի Շենգավիթի նստավայրում Թավադյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Նրա խոսքով՝ դատական նիստի ընթացքում ոչ մի արտասովոր բան չի եղել. «Սովորական բողոքի քննարկման կարգն էր, ներկայացվեց բողոքը, առարկություններ, դրանց վերաբերյալ առարկություններ: Դատական ակտը կհրապարակվի վաղը՝ 16:00-ին»,-տեղեկացրեց նա:

Անդրադառնալով Թավադյանի հաշիվների վրա կալանք դնելուն՝ պաշտպանն ասաց, թե այս պահին ծանուցում չեն ստացել, թե նման որոշում կա: «Քննիչին գրավոր դիմել եմ տրամադրել Թավադյանի հաշիվների վրա կալանք դնելու մասին տեղեկատվությունը: Վաղը ժամկետի վերջին օրն է, պետք է պատասխան ստանամ: Եթե տեսնենք, որ այդպիսի որոշում կայացվել է, կբողոքարկենք»,-նշեց Խուդոյանը:

Հարցին՝ գործով մյուս մեղադրյալ Վարուժան Մկրտչյա՞նն է ցուցմունք տվել Արմեն Թավադյանի դեմ, պաշտպանն ասաց, թե դա միակ հնարավոր տարբերակն է, որովհետև գործով մասնակցություն ունեցող չկա: «Դատական նիստի ընթացքում բարձրաձայնել ենք նաև այդ հարցը, թե ինչու է անձը, որը մեղադրվում է նույն արարքի մեջ, ազատության մեջ, ինչն ամենևին չի նշանակում, թե ցանկանում ենք՝ այդ անձին կալանավորեն, այլ ընդամենը հավասար վերաբերմունքի մասին է խոսքը: Խտրական վերաբերմունք կա Արմեն Թավադյանի նկատմամբ: Այս դատական նիստում կարծես թե այդ հարցի պատասխանը ստացանք, որ վերջնական արդյունքում, կարող եմ ասել, որ անձին կալանավորում են ցուցմունք կորզելու համար: Քանի որ հաջողվել է այդ ցուցմունքը ստանալ, այդ անձը հիմա ազատության մեջ է»,-նշեց փաստաբանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել