Pastinfo.am-ը գրում է.

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ փաստաբանի վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց։ Դատական ակտը կհրապարակվի վաղը՝ ժամը 16։00-ին։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում նկատեց՝ արտառոց որևէ բան չկատարվեց. «Ներկայացվեց բողոքը, ներկայացվեցին առարկութունները, առարկությունների առարկությունները և այդպես»,-ասաց Հովհաննես Խուդոյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 8-ին Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը վերաքննության կարգով բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով բավարարվել էր Արմեն Թավադյանին կալանավորելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը, միևնույն ժամանակ մերժվել փաստաբանի բողոքը՝ Թավադյանին ձերբակալելու որոշման դեմ։ Նույն որոշմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր նաեւ Արմեն Թավադյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելով՝ փաստաբանը պահանջում է փոխել հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը եւ նրան ազատել կալանքից, կամ թույլատրելի համարել գրավի կիրառումը։ Ընդ որում, գրավի չափը փաստաբանը թողել է դատարանի հայեցողությանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։ «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախաքննական մարմինը ոստիկանության կողմից ներկայացված արարքը որակել է սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից եւ մեղադրանք առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից՝ ավելի վաղ ձերբակալված Վ.Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, եւ նրան ազատել արգելանքից։ Փոխարենը նույն օրը ձերբակալվել է հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ապա նաեւ կալանավորվել՝ նույն մեղադրանքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել