Այցելուների մոտ նույն ռեստորանում ճաշելու սովորություն հնարավոր է առաջացնել տարբեր եղանակներով։ Չինաստանի գործարարներից մեկը, որը լապշայի կետ ունի, դա արել է ոչ ավանդական կերպով. նա ուտելիքի մոջ թմրամիջոցներ է ավելացրել։ Այժմ նա գտնվում է ազատազրկման մեջ։

Չինական Գուանսի ավտոնոմ շրջանում գործող սրճարանի սեփականատիրոջը ազատազրկման են ենթարկել, քանի որ նա որպես «գաղտնի բաղադրիչ» ուտելիքի մեջ օփիում է ավելացրել։ Ոստիկանները այցելուներից մեկից հետազոտության համար նմուշ են վերցրել և համապատասխան փորձաքննություն են նշանակել, որի արդյունքում հաստատվել է ուտելիքում թմրամիջոցի առկայության փաստը։

Հաճախորդը հայտնել է, որ երբևէ թմրանյութեր չի օգտագործել, և հիշել է, որ վերջին բանը, որ այդ պահի դրությամբ կերած է եղել, դա Գուանսիի սրճարանում խխունջի արգանակով լապշան է եղել։ Ոստիկանությունն ուղևորվել է սրճարան և այնտեղ հայտնաբերել մեկ պարկ խխունջի փոշի, որում էլ փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցներ։

Սեփականատիրոջից 76 գ օփիումի կակաչ բռնագրավելուց հետո սրճարանը փակել են և վերջինիս ձերբակալել։ Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ թմրամիջոցներն օգտագործել է բիզնեսի զարգացման՝ այցելուների մոտ էլի ու էլի այնտեղ գնալու ցանկություն առաջացնելու համար։

Սեփականատերը նաև պատմել է, որ օփիումի կակաչ սկսել է աճեցնել շուրջ 4 տարի առաջ տան մերձակայքում գտնվող հողամասում։ Քրեական գործն այժմ գտնվում է դատաքննության փուլում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել