Hraparak.am-ը գրում է.

«Այս պայքարը երկար է եւ կառավարական շենքում նստած պարոնի նպատակն է՝ ջլատել կամ հոգնեցնել, ապա մենք չենք հոգնում, մեր էներգիան եւ կամքն անսահման է»։ Այս մասին այսօր Վերաքննիչ քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու հարցը։

Շարմազանովը նշեց, որ եկել է աջակցելու խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը․ «Ակնկալում եմ, որ մի օր եւ շատ շուտով կլինեն դատավորներ, եւ դատական համակարգն ավելի կայուն կկանգնի իր ոտքերի վրա։ Պետք է ծառայել ոչ թե այս կամ այն անձին, այլ պետք է ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու Սահմանադրությանը»։

Նա նաեւ նշեց, որ պետք է ամեն ինչ անեն, որ Հայաստանում չլինի մեկ մարդու իշխանությունը․ «2017 թվականի իշխանազավթումից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նա ուղիղ ռեպրեսիաներ սկսեց բոլոր իր ընդդիմախոսների դեմ։ Հիշո՞ւմ եք ԱԱԾ-ով վախեցնելը, ասֆալտին փռելը։ Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկության դեպքում էլ չի կարող ամբողջովին փակել խոսքի ազատությունը»։

Հիշեցնենք՝ Ա․ Թավադյանը ձերբակալել էՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել