XVII դարում Թուրքիայում Ավետիսը փորձարկումներ էր կատարում պղնձի, անագի, արծաթի և այլ մետաղների հետ։ Ավետիսի հայրը՝ հայազգի Քերոբը, ով փախել էր Կոստանդնուպոլիս՝ փրկվելով Արևելյան Անատոլիայում հայերի բնաջնջումից, ծառայում էր սուլթան Մուստաֆա Առաջինին՝ մետաղագործությամբ զբաղվելով։ Ավետիսը որոշեց շարունակել հոր արհեստը։

Հասարակ մետաղներից ոսկի ստանալ նրան այդպես էլ չհաջողվեց, սակայն 1618 թ. Ավետիսը ստեղծեց պատմության մեջ առաջին երաժշտական ափսեն, որն ուներ հրաշալի տեմբր և յուրօրինակ հնչեղություն։ Կատարելով սուլթանի բանակի համար պատվերը՝ Ավետիսը ստացավ 80 ոսկի և Զիլջյան մականունը (Zilci թուրքերենից թարգմանաբար նշանակում է «ափսեների վարպետ», իսկ «յան»-ը՝ հայկական ազգանվան վերջավորությունն է)։

Ավետիսը պահպանում էր իր երաժշտական գործիքի գաղտնիքը և ընտանիքում կանոն էր սահմանել. ափսեի պատրաստման գաղտնիքը հորից կփոխանցվեր միան ավագ որդուն։ Ավանդույթը խախտվեց միայն XX դարում, երբ Ավետիս Զիլջյան Երրորդը մահից առաջ գաղտնիքը բացահայտեց միանգամից իր երկու որդիներին՝ Արմանդին և Ռոբերտին։ 1981-ին Ռոբերտը թողեց ընտանեկան բիզնեսը և հիմնեց Sabian ընկերությունը, որը Zildjian-ի համար երկար տարիների մրցակից դարձավ։

Սակայն չշտապենք պատմության մեջ։ 1909 թ. ընկերությունը մի իրողության դեմ առավ. այն Կոստանդնուպոլսում ղեկավարում էր Արամ Զիլջյանը, ով ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից էր։ Իշխանությունների կողմից նրա նկատմամբ կատարվող անդադար հետապնդումները ստիպեցին Արամին փախչել Ռումինիա, որտեղ հիմնեց փոքրիկ «Զիլջյան» ընկերություն, մինչդեռ քույրը՝ Վիկտորյան, շարունակեց ղեկավարել ընկերությունը Կոստանդնուպոլսում։ Սակայն 1915 թ. ողբերգությունից հետո Զիլջյան ընտանիքի շատ անդամներ պարզապես ստիպված էին ԱՄՆ փախչել։ 1927 թ. ծեր և երեխաներ չունեցող Արամը նամակ է գրում ԱՄՆ-ում հաստատված իր զարմիկ Ավետիս Զիլջյանին, որում նրան առաջարկում է գլխավորել ընկերությունը։

1929 թ. Մասաչուսեթս նահանգի Քուինսի քաղաքում հիմնվեց «Avedis Zildjian Co» ընկերությունը, որը սկսեց գլխավորել Ավետիս Զիլջյան Երրորդը։ Այսպիսով՝ շուրջ 300 տարի պահանջվեց Ատլանտյան օվկիանոսն անցնելու, ԱՄՆ-ում հայտնվելու և աշխարհին Zildjian անվանումը հայտնի դարձնելու համար։ Հենց Zildjian-ին է այսօր պատկանում հարվածային ափսեների համաշխարհային շուկայի 65%-ը։

Ավետիսը մեծ հաջողություններ գրանցեց, քանի որ ընկերությունը սկսեց իր արտադրանքը թողարկել ջազի դարաշրջանում։ Նա նորամուծություններ կատարեց հարվածային գործիքների արտադրության ոլորտում, որոնք գործում են մինչ օրս։ Ընկերության հիմնադրումից 10 տարի անց՝ 1938-ին, Ավետիսն արտոնագրեց իր երաժշտական հարվածային ափսեն։ Մեկ տարի անց՝ Նյու Յորքի համաշխարհային ցուցադրության ժամանակ այն արժանացավ ոսկե մեդալի՝ միանգամից հայտնվելով այնպիսի հայտնի մարդկանց ձեռքերում, ինչպիսիք էին Գլեն Գիլմորն ու Բենի Գուդմանը։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ավետիսը պետական պատվեր ստացավ՝ համալրել ԱՄՆ ռազմական նվագախումբը Zildjian-ի գործիքներով։ Պատվեր ստացվեց նաև բրիտանական ադմիրալությունից։ 1976 թ. Ավետիսը փոխանցեց գործարանի ղեկավարումը որդուն՝ Արմանդին, սակայն մինչև մահը շարունակում էր աշխատել այնտեղ։

Արմանդը ստիպված եղավ հրաժարվել հին ընտանեկան ավանդույթից՝ գաղտնիքը փոխանցել միայն ընտանիքի տղամարդկանց, քանի որ նրա որդին՝ Ռոբը, ընկերությունը լքեց 1985-ին՝ այլ բիզնեսով զբաղվելու համար։ Ավետիսը գաղտնիքը փոխանցեց դուստրերին, որոնք ղեկավարում են գործարանը Նորվելայում 1999-ից սկսած։ Ընկերության փոխնախագահ Դեբի Զիլջյանը դարձավ առաջին կինը, որին փոխանցվեց 380 տարվա հնություն ունեցող գաղտնիքը, իսկ Քրեյգի Զիլջյանը՝ առաջին կինը, որը զբաղեցրեց ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը։ Այսօր արդեն Զիլջյանների 14-րդ սերունդն է զբաղվում այդ գործով։ Zildjian-ը պաշտոնապես ճանաչվել է ԱՄՆ-ի հնագույն ընտանեկան բիզնեսը։

Համաշխարհային ճանաչում ունեցող գրեթե բոլոր երաժիշտները, որոնք հարվածային գործիքներ են նվագում, ունեն Zildjian-ի ափսեներ։ Դրանք օգտագործվում են աշխարհի բազմաթիվ սիմֆոնիկ և էստրադային նվագախմբերում։

Zildjian-ի ափսեներին են հարվածել Ջիմի Հենդրիքսը, Միտչ Միտչելը, Ռինգո Սթարը, Չարլի Ուոթսը, Ջինջեր Բեյքերը, Լարս Ուլդրիհը և այլք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել