Մի շարք ուսումնասիրություններից հետո փորձագետները պարզել են, թե ֆիլմերն ինչ ազդեցություն ունեն մարդկանց վրա: Կախված ժանրից՝ ազդեցությունը կարող է լինել դրական և բացասական: Այս մասին գրում է Joinfo.ua կայքը:

Կինոթատրոններն այսօր լիցքաթափման միջոց են դարձել, իսկ ֆիլմերի դիտումը շատերի համար՝ նույնիսկ անհրաժեշտություն: Ազատ ժամանակն անցկացնելու այս տարբերակն ի՞նչ հետևանքներ կարող է թողնել առողջության վրա: Այս հարցի պատասխանը հիմնականում կախված է մեր դիտած ֆիլմի ժանրից: Այսինքն՝ կատակերգությունն ու սարսափը միևնույն ազդեցությունը չեն կարող ունենալ մեր հոգեբանության վրա:

Հետազոտողները նշում են, որ սարսափ ֆիլմեր դիտելիս արյան մեջ ադրենալինի մակարդակի բարձրացումը հաճույք է պատճառում Ձեզ, բայց միևնույն ժամանակ՝ Ձեր ֆիզիկական և հոգեկան առողջությանը վնասելու մեծ ռիսկեր է պարունակում:

Լարված տեսարաններին հետևելը բարձրացնում է արյան ճնշման մակարդակը: Սրտի հետ խնդիրներ ունեցող մարդկանց մոտ կարող է անգամ սրտի նոպա առաջանալ: Նույնիսկ լիովին առողջ մարդիկ կարող են տուժել սարսափ ֆիլմի դիտումից:

Ֆիլմերը կարող են  նաև օգտակար լինել առողջության համար: Տիպիկ օրինակներ  են կատակերգությունները, որոնք օգնում են նվազեցնել արյան ճնշման մակարդակը: Երկարատև ծիծաղի հետևանքով լայնանում են արյան անոթները: Հետազոտողների կարծիքով՝ ֆիլմի ընթացքում 15 րոպե ինտենսիվ ծիծաղը սրտանոթային համակարգի վրա նույն ազդեցությունն ունի, ինչ ֆիզիկական վարժությունները: Ֆիլմեր դիտելու ընթացքում ուղեղի որոշ հատվածներում նկատվում է ակտիվության նվազում, ինչն էլ հանգեցնում է անհանգստության նվազմանը: Այնպես որ, ֆիլմի դիտումից հետո մարդիկ իրենց ավելի հանգիստ և երջանիկ են զգում:

Ինչ վերաբերում է դրամաներին, ապա լրագրող Քրիստինա Կովտունը պարզել է, որ այս ժանրի ֆիլմերը մեզ վրա նույն ազդեցությունն են թողնում, ինչ մտերիմների և սիրելիների մասին հիշողությունները: Այսինքն՝ երջանկության զգացումը մեծանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել