Tert.am-ը գրում է.

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև հեռակա բանավեճը չի հանդարտվում: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտարարեց, որ 2020 թ. համար նախարարությունը գումար չի նախատեսում հանրակրթական դպրոցներում տեխնոլոգիական նոր «Արմաթ» խմբակներ ստեղծելու համար՝ որակելով դա սաբոտաժ: Մինչդեռ, Կառավարությունը հայտարարել էր Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում տեխնոլոգիական լաբորատորիաներ ստեղծելու հանձնառության մասին:

Նախարարությունը, արձագանքելով Վարդանյանի հայտարարություններին, ներկայացրեց վերջին տարիներին պետության կողմից «Արմաթ» լաբորատորիաներին տրված գումարների վիճակագրությունը և ԻՏՁՄ-ին բնութագրեց «անվստահելի գործընկեր»: Մասնավորապես, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում նախօրեին գրառում էր արել, ըստ որի՝ 2019 թվականին 352,2 մլն դրամը նախատեսվել է որպես խմբակավարների աշխատավարձ, նույն թվականին հատկացվել է հավելյալ 834 մլն 250 հազար դրամ` թվով 284 նոր լաբորատորիաների սարքավորումների ձեռքբերման համար: Իսկ 2020 թվականի բյուջեով հատկացվել է 671,7 մլն դրամ, որը նախատեսված է 707 խմբակի համար. այս պահին գործում է 575 խմբակ:

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ 671.7 մլն դրամը նախատեսված է միայն խմբակավարների աշխատավարձի համար, իսկ նոր խմբակների համար 2020 թ. բյուջեով նախատեսված չէ:

«Բյուջեն բացեք, եթե գտնեք մի տող, որտեղ խմբակ ստեղծելու համար գումար է նախատեսված, ասեք՝ պարո՛ն Վարդանյան, ինչո՞ւ ես խաբում: Ոչ միայն «Արմաթի» անվամբ, այլ ընդհանրապես որևէ տեխնոլոգիական խմբակ ստեղծելու համար գումար չկա: Թեկուզ «Արմաթ» գրված չլինի, գրված լինի «դպրոցներում տեխնոլոգիական կրթություն», բայց չկա»,- նշեց Կարեն Վարդանյանը:

Հարցին՝ եթե 575 խմբակ է այս պահին գործում, ինչո՞ւ է նախարարությունը 707 խմբակի գումար տրամադրում, այն դեպքում, երբ չի նախատեսվում 2020 թ. նոր խմբակներ ստեղծել, Կարեն Վարդանյանը պատասխանեց. «Խմբակներ կան, որ 2, 3 կամ 4 հերթով են աշխատում, ինչպես նաև իրենք աճ են նախատեսել: Պայմանավորվածությունը հետևյալն է եղել Կառավարության հետ՝ մենք ինչքան խմբակ ստեղծենք, այդքան պետությունն աշխատավարձ պետք է տա: Հիմա այս գումարը նախատեսված է մինչև 2019 թ. և 2019-ից հետո ստեղծվող խմբակների համար»:

Կարեն Վարդանյանը նշեց, որ նախորդ տարի ներդրված 284 նոր խմբակների գործընթացը եղել է մրցութային կարգով և որևէ խնդիր չի առաջացրել միության համար. «Մեր մոդելն է ներդրվել, բայց մենք այդ ամենն արել ենք մրցույթով: Բոլոր մատակարարումները՝ եռաչափ պրինտեր, համակարգիչ, սեղան, աթոռ, բոլորը մրցույթով են եղել: Պետական ընթացակարգով  հայտարարված մրցույթներ էին և ես փաստաթղթերն ուղարկել եմ պետությանը»,- ասաց նա:

Ստեղծված իրավիճակի նպատակը ԻՏՁՄ գործադիր տնօրենի խոսքով՝ նախարար Արայիկ Հարությունյանի՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության ցանկությունն է:

«Գործարքի մեջ է «Թումոյի» հետ: Մի անգամ արդեն եվրոպական 23 մլն դոլարը մսխել են և հիմա իրենց ավելի ձեռնտու է իրենց գործընկերոջ հետ աշխատել: ԵՄ-ն պետությանը 23 մլն եվրո գումար էր տվել դպրոցական ինժեներական կրթության համար և այդ 23 մլն եվրոյից 12.5 մլն-ը նախարարության համաձայնությամբ տրվել էր «Թումոյին»՝ նոր շենք կառուցելու համար: Պատկերացնո՞ւմ եք, կրթության փող են տալիս և մասնավոր կազմակերպության 12.5 մլն եվրո ես տալիս, ասում ես՝ շենք սարքի: Սա աբսուրդ է, որտե՞ղ է պետական մարմնի շահագրգռվածությունը եղել: 10.5 մլն եվրո էլ տվել են ինժեներական կրթության չափորոշիչները որոշելու համար, բայց որևէ պատկերացում չունենք, թե այդ գումարը որտեղ է ծախսվում և ովքեր են իրականացնում»,- նշեց Կարեն Վարդանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել